Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: 3 հազար 5 հարյուր դրամի պատճառով հարևանուհիների արանքով սեւ կատու է անցել, իսկ հանգուցալուծումը եղել է նրանցից մեկի դատապարտվելը:
Այսպես, Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Էջմիածնի 70-ամյա մի բնակչուհի զայրանալով, որ հարևանուհին չի վերադարձնում իր պարտքը՝ 3 հազար 5 հարյուր դրամը, որոշում է «պատժել» նրան:
Բակում ծեծում է հարևանուհուն, իսկ երբ վերջինս փորձում է պաշտպանվել եւ փախչել, վազում է նրա հետեւից եւ կրկին հարվածում մարմնի տարբեր մասերին:
Հարուցվում է քրեական գործ ծեծի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին: 70-ամյա կինը հրաժարվել է ցուցմունք տալ, չի ընդունել առաջադրված մեղադրանքը: «Որ չի ծեծել, ասի ծեծե՞լ է ։ Ինչի՞ է սուտ խոսում: Սուտ վկայություն է տվել։ Ինքը նրան չի խփել, չի ծեծել։ Ինքն անմեղ է։ Իր վկան աստված է»,- հայտարարել է ամբաստանյալը:
«Էն օրն է գցել, որ… բառեր… խայտառակ է արել ։ Բոլ-բոլ խփել է։ Ինձ օգնել են աստված և մարդիկ։ Ուզել է սպանել, հարևանն է փրկել: Ինքը խմող է, բոլորին էլ ծեծում է, ասում է, որ ոչ մեկից չի վախենում։ Այս դատից կպրծնի, բայց աստծու դատից`ոչ։ Մի ամիս իմ քթից արյուն է եկել, հավատքն է ինձ պահում»,- հայտարարել է տուժողը եւ պահանջել պատժել հարեւանուհուն. «Նա վտանգավոր մարդ է»,- շարունակել է կինը:
Այսպիսով, դատարանը վճռել է տուգանել ըմբոստ կնոջը 100 հազար դրամի չափով: