
Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեցին, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:
Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձան ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվեց ոլորտային համագործակցության խորացումը:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։