ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ:
Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը արձանագրությունում ներառել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին հարցաքննվողը ոչինչ չի հայտնել:
Այսպես, համաձայն Անահիտ Շ.-ի նախաքննական ցուցմունքի` վերջինս տեսել է, թե ինչպես են իրենց տան մոտ ոստիկանության աշխատակիցները Նաղաշ Ե.-ին ձեռնաշղթաներով ուղեկցում դեպի ավտոմեքենա, նաև լսել է, որ մեղադրյալը հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին` դանակը ձեռքին սպառնալով ինչպես նրանց, այնպես էլ օգնության հասած բուժաշխատակիցներին, ապա` հարվածել և կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին:
Հետո` արդեն դատաքննության ժամանակ, Անահիտ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հավաստիացրել է, որ ինքը քննիչին նման տեղեկություններ չի հայտնել, սակայն վերջինս դրանք ներառել է հարցաքննության արձանագրությունում, իսկ Անահիտ Շ.-ն, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է այն:
Քննիչի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն: