ՀՔԾ-ն՝ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի հաղորդագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» ծավալուն հոդված էր հրապարակել Սարի Թաղում, հուլիսյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբերյալ. «ՀՔԾ-ն գործն առաջ չի տանում և լռություն է պահպանում»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում և հարակից տարածքներում  ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության և նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների և օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական  գործողություններից տուժեցին 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների և հետապնդումների:

Հուլիսի 30-ին այդ դեպքերի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փոքրիկ հարցախույզ անցկացրեց տուժած լրագրողների շրջանում՝ պարզելու, թե վեց ամիսների ընթացքում վերջին անգամ նրանք երբ են հանդիպել քննիչներին, ինչ զարգացումներ կան այս գործով:

«1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին։

«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանն էլ կմոռանար գործի մասին, եթե միայն ոտքի ցավը չհիշեցներ…Դեպքի օրը նա ոտքերի և ուսերի սալջարդեր էր ստացել, իսկ գործածված պայթուցիկներից՝ բեկորային վնասվածքներ։ Քննչական մարմինների հետ առնչվել է սեպտեմբերին, այն էլ փորձաքննության նպատակով՝ պարզելու՝ արդյո՞ք հագուստի վրա իր արյունն է, թե ոչ։ Մարութ Վանյանի խոսքով՝ քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են։ Հետո՝ մեկ ամիս էլ չանցած, սկսեցին լռել…

Հարցաքննության չի հրավիրվել, իսկ ահա բուժման ստիպված է ինտենսիվ կերպով հաճախել։ «Երբ հիվանդանոցում էի՝ ասում էին 10 օրից կանցնի, վեց ամիս է  անցել դեպքերից, ես դեռ շարունակում եմ այցելել ֆիզիոթերապևտի», – նշեց Մարութ Վանյանը։ Ֆիզիկական բռնության ենթարկելուց բացի քաղաքացիական հագուստով անձինք կոտրել էին օպերատորի երկու տեսախցիկները, հափշտակել նրա անձնագիրը։ Վեց ամիսների ընթացքում ոչ տեսախցիկներն են փոխհատուցվել, ոչ անձնագիրն է գտնվել։ Լրագրողն անգամ անձը հաստատող տեղեկանք չունի։ Դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, սակայն պատասխանը քար լռությունն է եղել. «Այսպիսին է նրանց վերաբերմունքը, գոնե ինչ-որ կերպ արձագանքեին։ Դժվա՞ր է ասել՝ մենք ենք զբաղվում կամ մենք չենք զբաղվում այդ հարցով», – իր վրդովմունքը հայտնեց Մարութ Վանյանը։

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, ով վերջին անգամ հենց դեպքի օրը հիվանդանոցում է հարցաքննվել, նշեց, որ չնայած առկա տեսանյութին, ու այն հանգամանքին, որ ուղիղ եթերում է աշխատելիս եղել, երբ բռնության է ենթարկվել, այդուհանդերձ, բացահայտված չեն ոչ իր և օպերատորի ուղղությամբ պայթուցիկներ նետած, ոչ էլ մեքենան կանգնեցրած ու իրենց մասնագիտական աշխատանքը խոչընդոտած ոստիկանները։ «Կադրում երևում է և մեքենան, և անձինք, ովքեր խոչընդոտել են մեր աշխատանքը, ցանկության դեպքում նրանց կհարցաքննեին ու պատասխանատվության կենթարկեին: Վեց ամիսը հաստատ բավարար էր դրա համար», – նշեց Ռոբերտ Անանյանը։

Լրագրողը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ  Հայաստանում նման գործերը չեն բացահայտվում, իսկ Եվրոպական դատարանում հաջողության հասնելու հիմքեր կան։ «Երկու տարի, ամեն ամառ զանգվածային կերպով խախտվում են լրագրողների իրավունքները: 2017 թվականն է, բայց դեռ բացահայտված չեն 2015-ին լրագրողների դեմ բռնություն կիրառած հանցագործները։ Հայաստանյան իրավապահ համակարգի «լավագույն ավանդույթները» շարունակվում են. այս տարի ևս այդ մարմինները շարժվում են գործը կոծկելու նույն տրամաբանությամբ», – նշեց լրագրողը։

Իրավապահ մարմինների դանդաղ գործելաոճն այլևս չի զարմացնում անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանին, ով ևս ՀՔԾ-ից վերջին ծանուցումն ստացել է շուրջ երեք ամիս առաջ։ Լրագրողը նույնիսկ դժվարացավ հիշել՝ ինչի մասին էր ծանուցումը. «Հարցաքննության հրավեր չէր հաստատ։ Կարծեմ գործընկերներիս փորձաքննության արդյունքներին ծանոթանալու էին հրավիրում։ «#ElectricYerevan»-ի գործի քննության սցենարն է. մի քանի հոգու մեղադրանք են առաջադրել ու կանգ առել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի անգամ էլ լրագրողներին ծեծի կենթարկեն, ու դա առիթ կլինի, որպեսզի մի քանի գործ էլ այդ ժամանակ ձևական ուղարկեն դատարան», – նշեց Գևորգ Ղազարյանը։

Դեպքի օրը ոստիկանական շարքերից քաղաքացիական հագուստով անձինք դուրս էին եկել ու հարձակվել ֆոտոլրագրողի վրա։ Նրա խցիկներից մեկը կոտրել էին, մյուսը խլել։ Տեխնիկան մինչ օրս չի փոխհատուցվել։ «Չգիտեմ՝ հետագայում ինչպես են աշխատելու այդ նույն լրագրողների հետ։ Այրում են բոլոր կամուրջները։ Որքանո՞վ կարող ես ոստիկանին լուրջ վերաբերվել, եթե լրագրողի ձեռքից խլում է տեխնիկան ու ապուշ կտրած հայացքով նայում, իբր ոչինչ չի պատահել»,- նշեց Գևորգ Ղազարյանը։

Լրագրողների նկատմամբ բռնության մյուս դեպքերը ևս անտեսվում են

Հուլիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդին հարող տարածքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ևս մեկ առանձին քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, հուլիսի 17-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակի տարածքում ֆիզիկական բռնության է ենթարկվել «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ոստիկանը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին։ Իսկ հուլիսի 21-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի մոտ ծեծի է ենթարկվել «Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գևորգ Թոսունյանը:

«4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում վերջին անգամ եղել է սեպտեմբերին. ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, դիմում է գրել, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկատվություն չի ստացել։ Անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ։ «Եթե նույնիսկ հիմա հարցնեն՝ ով է ծեծել քեզ, այլևս չեմ հիշի, այնքան ժամանակ է անցել, որ դեմքն էլ եմ մոռացել», – նշեց Արթուր Հայրապետյանը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանը իրեն հարվածողի դեմքը լավ է հիշում. ՀՔԾ-ում քննիչների հետ դիտել է միջադեպի տեսագրությունը, որտեղ ակնհայտ երևում է բռնություն կիրառած ոստիկանը։ Լրագրողը տուժող է ճանաչվել դեռ 2016-ի օգոստոսին։ «Տեսանյութում ամեն ինչ ակնհայտ երևում է։ Պետք է առերեսում լիներ, սակայն տուժող ճանաչվելու օրվանից հետո այլևս ինձ հետ ՀՔԾ-ից կապ չեն հաստատել։ Հաշվի առնելով, թե նման միջադեպերն ինչ ճակատագրի են արժանացել, կարծում եմ՝ այս գործն էլ չի տարբերվի նախորդներից», – նշեց Արտակ Համբարձումյանը։

«Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գևորգ Թոսունյանը հույսը չի կորցրել. սպասում է, որ տեղաշարժ կլինի։ «Իմ գործն այնքանով է առանձնահատուկ, որ տեսագրվել է, ու դրա մեջ առկա անձանց ճանաչում պետք է իրականացվի։ Նախորդ գործերի պրակտիկան ցույց է տալիս, որ իրական մեղավորները, որպես կանոն, չեն պատժվում։ Չի բացառվում, որ այս գործն էլ նույն ճակատագրին արժանանա,  քանի որ կրկին բացակայում է այն բացահայտելու քաղաքական կամքը», – նշեց լրագրողը։

Վեց ամիս անց. ընդամենը 8 մեղադրյալ, այն էլ՝ ոչ ոստիկան

2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով 6 ամիսների ընթացքում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 8 անձանց, որոնցից 7-ի («Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության և «News.am» կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողների) վերաբերյալ քրեական գործից անջատված մասերի նախաքննությունը ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար 4 անձանց (Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան ու Կարեն Գրիգորյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման և տուգանվել 200 հազարական դրամով:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան ծեծի ենթարկելու համար մեկ անձ մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 200 հազար դրամ տուգանքով: «News.am» կայքի աշխատակից Խորեն Գրիգորյանի առումով դատավճիռ դեռ չկա, դատական նիստերը շարունակվում են:

Հատկանշական է, որ 8 մեղադրյալները բոլորն էլ քաղաքացիական անձինք են: Տուժած լրագրողների խոսքով՝ գործով կալանավորվածների մեջ չկան տեսանյութերում երևացող և բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց հրաման տվող բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը, ով հարվածներ էր ստացել գլխի և պարանոցի շրջանում, ԽԱՊԿ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  պատիժը ենթադրում է հրահանգ տվողների և ոչ թե այդ հրահանգը կատարողների պատասխանատվություն։ «Այնպես չէր, որ քաղաքացիական հագուստով անձինք սեփական նախաձեռնությամբ միանման մահակները վերցրեցին ու որոշեցին ոստիկանների աչքի առաջ ծեծել ցուցարարներին ու լրագրողներին։ Պարզ է, որ այդ ամենը «վերևից» իջեցված հրաման է եղել։ Պարզ է նաև, թե ինչու չէին ոստիկաններն այդ ամենին միջամտում։ Իսկ գործը դանդաղ է տեղից շարժվում, քանի որ չկա այն բացահայտելու կամք, նույն սցենարով են շարժվում, ինչպես «#ElectricYerevan»-ի ժամանակ», – նշում է Կարլեն Ասլանյանը։

«Գործը դանդաղ է տեղից շարժվում» արտահայտությունն այս դեպքում, կարծում ենք, մեղմ է ասված։ 21 լրագրողի ու օպերատորի պաշտոնապես տուժող ճանաչելու պարագայում 8 հոգու մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը գրեթե կանգ է առել։ Այդ մասին է վկայում ոչ միայն ԽԱՊԿ-ի՝ լրագրողների շրջանում կատարած հարցախույզը, այլ հենց ՀՔԾ-ի պաշտոնական կայքը։ Քննչական այս մարմինն իր կայքում գործի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը տարածել է երեք ամիս առաջ՝ 2016 թ. հոկտեմբերի 31-ին։

Փաստորեն, այս ամիսների ընթացքում ոչ առերեսում է եղել, ոչ էլ նոր կասկածյալներ ու մեղադրյալներ են ի հայտ եկել։ Կամ եղել են, ՀՔԾ-ն է լռում՝ այդ տեղեկատվությունը չհայտնելով հանրությանը։

Հ.Գ. Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոդվածը պատրաստելուց առաջ գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը լրանալուց և այդպես էլ պատասխան չստանալուց հետո դիմեցինք ՀՔԾ մամուլի խոսնակին։ Նա խոստացավ հետաքրքրվել ու տեղեկացնել, թե երբ կստանանք գրավոր պատասխանը։ Նրա խոստումը ևս մնաց առկախ։ Սակայն ԽԱՊԿ-ը հետևողական է լինելու…»:

Հաղորդագրության հետ կապված այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, թե նշված լրագրողներից յուրաքանչյուրի հետ կապված ինչ քննչական գործողություններ են իրականացվել:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Քրեական գործի  քննության սկզբնական փուլում «1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով (բնակության և աշխատանքի վայրեր ուղարկված ծանուցագրերով) բազմիցս հրավիրվել է որպես տուժող հարցաքննվելու, սակայն հրաժարվել է ներկայանալ՝ հեռախոսազանգի միջոցով հայտնելով այդ մասին: Միայն ամիսներ անց, վարույթն իրականացնող մարմնի հետևողականության արդյունքում, 2016թ. հոկտեմբերի 25-ին, հնարավոր է եղել Մարիամ Գրիգորյանին ճանաչել տուժող  և հարցաքննել դեպքի հանգամանքների շուրջ:

Վերջինիս կողմից վարույթն իրականացնող մարմին ժամանակին չներկայանալու պատճառով հնարավոր չի եղել նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում ապահովել նրա ներկայությունը, հետևաբար փորձաքննությունն իրականացվել է ըստ բժշկական փաստաթղթերի: Ի դեպ, Մարիամ Գիգորյանի կողմից նախաքննական մարմին ներկայանալուց և որպես տուժող հարցաքննվելուց հետո առաջարկվել է հետազոտվել դատաբժիշկ-փորձագետի մոտ, սակայն նա հրաժարվել է ենթարկվել փորձաքննության, ինչը զրկել է վարույթն իրականացնող մարմնին պարզել Մարիամ Գրիգորյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության իրական աստիճանը: Մարիամ Գրիգորյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ:

Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ «Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին», այս կապակցությամբ հարկ է նշել, որ Մարիամ Գրիգորյանը հետագա քննության ընթացքում մի քանի անգամ ծանուցվել է գործով փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին և ստացված եզրակացություններին ծանոթանալու համար վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու անհրաժեշտության մասին,  սակայն այդպես էլ չի ներկայացել:

«Ա1+» կայքի լրագրող Ռոբերտ Անանյանը  քննության ընթացքում ճանաչվել է  տուժող և հարցաքննվել: Նրա վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական-դատակենսաբանական փորձաքննություններ, ուսումնասիրվել է Ռոբերտ Անանյանի կողմից «Սարի թաղում» կատարված տեսանյութը, դրանում պատկերված ոստիկանական   ավտոմեքենաների տարբերանշաններով ու անհատական համարներով հնարավոր է եղել պարզել տեսանյութում պատկերված ոստիկանության աշխատակիցների ինքնությունը, որոնք հարցաքննվել են: Պարզվել է նաև Ռոբերտ Անանյանի հետ միևնույն ավտոմեքենայով երթևեկող քաղաքացու ինքնությունը, ով ևս հարցաքննվել է վերջինիս կողմից նշված հանգամանքների շուրջ:

Ռոբերտ Անանյանը մի քանի անգամ ծանուցվել է գործով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին ու ստացված եզրակացություններին ծանոթանալու համար, սակայն չի ներկայացել: Հրապարակման մեջ տեղ գտած այն դատողությունը, որ Ռոբերտ Անանյանի կողմից ներկայացրած տեսանյութում երևում են իր աշխատանքը խոչընդոտած անձինք և որ ցանկության դեպքում նրանց կարելի էր պատասխանատվության ենթարկել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ռոբերտ Անանյանի կողմից հրապարակված տեսանյութում առկա չեն ոստիկանության աշխատակիցների, այդ թվում դիմակավոր ոստիկանների կողմից նրա գործողությունները խոչընդոտելու վերաբերյալ կադրեր:

Ազատ լրագրող Գևորգ Ղազարյանը քննության ընթացքում ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Նրա նկատմամբ ոտնձգություններ կատարած, լրագրողական տեխնիկան վնասած ու հափշտակած անձանց ինքնությունը պարզելու համար հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, քննության ներկա փուլում ուսումնասիրվում են գործում առկա տեսանյութերը: Դրանից հետո Գևորգ Ղազարյանը մի քանի անգամ ծանուցվել է գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին և ստացված եզրակացություններին ծանոթանալու համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չի ներկայացել:

«Iravaban.net» լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը քրեական գործով ճանաչվել է տուժող և մանրամասն հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նրա խնդրանքով որոշում է կայացվել քրեական գործին տուժողի ներկայացուցիչ մասնակից դարձնելու մասին: Պահանջվել և քրեական գործին են կցվել քաղաքացիական հագուստով, ինքնությունը չպարզված անձանց կողմից նրա լրագրողական աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ տեսաձայնագրությունները, որոնք տուժողի մասնակցությամբ մանրամասն զննվել են: Վերջինս լրացուցիչ հարցաքննվել է նաև տեսաձայնագրությունում երևացող մի շարք հանգամանքների վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում տեսաձայնագրությունում երևացող քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«News.am» լրատվական կայքի լրագրող Արթուր Հայրապետյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, նրան պարզաբանվել են իր իրավունքները, մանրամասն հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, ծանոթացել է իր վերաբերյալ ստացված փորձագետի եզրակացությանը: Միջոցներ են ձեռնարկվել լրագրողի հայտնած հանգամանքները ճշտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի և բերման ենթարկողների ինքնությունը պարզելու համար: Հրապարակման մեջ տեղ գտած այն տեղեկությունը, թե Ա. Հայրապետյանը դիմում է գրել, սակայն դրանից հետո տեղեկատվություն չի ստացել և անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ, իրականությանը չի համապատասխանում:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանը քրեական գործով ճանաչվել է տուժող և հանգամանորեն հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, քրեական գործին են կցվել նրա և ոստիկանության ծառայողի միջև տեղի ունեցած միջադեպը պատկերող տեսաձայնագրությունները, միջոցներ են ձեռնարկվել լրագրողի մատնանշած ոստիկանի ինքնությունը պարզելու համար, կատարվել են այլ դատավարական գործողություններ: Լրագրողի կողմից հրապարակման մեջ կատարված դիտարկումը, թե պետք է առերեսում կատարվեր, սակայն իր հետ վարույթն իրականացնող մարմինը կապ չի հաստատել, իրականությանը չի համապատասխանում, ավելին, քննության ներկա փուլում առերեսում կատարելու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կողմերի միջև հակասություններ առկա չեն:

«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանը քննության ընթացքում ճանաչվել է  տուժող և հարցաքննվել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, նրանից առգրավված հագուստներով նշանակվել են հետքաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ Մարութ Վանյանի խոսքով «քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են, հետո լռել են», ապա նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թե՛ դեպքից հետո, և թե՛ ներկա փուլում օպերատիվորեն կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հանցագործության կատարման բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Բացի այդ, մամուլում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում քննության առարկա է դարձվել, տուժողների մի մասը, այդ թվում՝ Մարութ Վանյանը, հարցաքննվել են անմիջապես հիվանդանոցում, դրանից հետո մինչ օրս շարունակվում են ծրագրված քննչական ու դատավարական գործողությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք տուժողներ չեն կարողացել նկարագրել իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց արտաքինը, ուստի վերը նշված դրվագներով ուսումնասիրվել են քրեական գործերում և համացանցում առկա, ինչպես նաև լրագրողների կողմից ներկայացված տեսանյութերը, այդ եղանակով պարզվել են տեսանյութերում տարբեր գործողություններ կատարած ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների ինքնությունը, և վերջիններս հարցաքննվել են:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է «Sony» մոդելի տեսախցիկ, որի պատկանելիությունն առ այսօր չի հաջողվել պարզել: Թեպետ հայտնաբերվել է այն անձը, որը խոչընդոտել է այդ տեսախցիկն օգտագործած լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն, չնայած վարույթն իրականացրած մարմնի գործադրած ջանքերին, առայժմ չի հայտնաբերվել հիշյալ անձի գործողություններից տուժած լրագրողը, ինչը մինչ օրս զրկել է նախաքննական մարմնին քրեական գործի նախաքննությունն ավարտելու և այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հնարավորությունից:

Այդ կապակցությամբ, ի լրումն վարույթն իրականացրած մարմնի կողմից նախկինում արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է հանցագործություններից տուժած անձանց ներկայանալ ծառայություն՝ տեսախցիկի պատկանելիությունը պարզելու ուղղությամբ համապատասխան քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ծառայությանն անհայտ պատճառներով ապատեղեկատվություն է տարածում հանրության շրջանում` փորձելով տպավորություն ստեղծել, թե քրեական գործով նախաքննությունը «դոփում է տեղում»`  իր դատողությունները հիմնավորելով հրապարակման մեջ թվարկված լրագրողների` իրականությանը չհամապատասխանող «պնդումներով»:

Կարծում ենք` քրեական գործի նախաքննության ընթացքում նման հայտարարություններն անտեղի են, քանզի հիշյալ գործերով նախաքննությունը դեռ ավարտված չէ, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործերն իրենց բնույթով, ծանրության աստիճանով, բազմադրվագությամբ և բազմամարդությամբ աննախադեպ են, իսկ նախաքննության ընթացքի վրա ստվեր գցող նման հրապարակումները պատիվ չեն բերում պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվող անձանց ու կազմակերպություններին»:




Լրահոս