Չնայած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեց հունվարի 25-ին, բայց միայն հունվարի 31-ին է նախկին վարչապետը վերջապես կուսակցությունից դուրս գալու դիմումը ներկայացրել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Աբրահամյանի հեռանալը սպասելի էր:
-Ի՞նչ է նշանակում՝ սպասելի էր:
-Այսինքն՝ անակնկա՞լ չէր, որ երկար ժամանակ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող, մի քանի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար նշանակված եւ, առհասարակ, ՀՀԿ-ին մեծ աջակցություն ցուցաբերած մարդը մի օր հանկարծակի որոշում է հեռանալ կուսակցությունից:
– Անակնկալ լինում է ձյունը:
-Այսինքն՝ անկնկալ չէ՞ր, սպասո՞ւմ էիք Աբրահամյանի նման որոշմանը:
-Երկու տարի առաջ չէի սպասում, երկու օր առաջ սպասում էի:
-Շատերն են միաբերան պնդում, որ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշման հիմնական պատճառը եղել է իշխանություններից նեղացվածությունը:
-Դա հարցրեք պարոն Աբրահամյանին:
-Մտահոգվա՞ծ չեք, որ կուսակցության համար նման կարեւոր անձը որոշեց «ճակատագրական» ընտրությունների նախաշեմին մենակ թողնել կուսակցությանը, բայց եւ մնալ քաղաքականության մեջ:
-Մտահոգությունն ի՞նչ է: Ի՞նչ է դա նշանակում:
-Համենայն դեպս, Հովիկ Աբրահամյանը ամեն ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ապահովել է հազարավոր քվեներ: Եւ այն, որ ընտրությունները մշտապես արդյունավետ են եղել իշխող կուսակցության համար, դա նաեւ Աբրահամյանի շնորհիվ է:
-Ես նման բան չգիտեմ:
-Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կգտնի՞ ուրիշ մեկին, ով կկարողանա փոխարինել Հովիկ Աբրահամյանին: Ընտրություններին էլ գրեթե երկու ամիս է մնացել:
-Անփոխարինելի մարդիկ չկան:
Վահագն Հակոբյան