ՎՊ-ի աղմկահարույց բացահայտումները. նպաստներ են տրվել ոչ կարիքավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2016 թվականի փետրվարի 8-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը ուսումնասիրություններ է իրականացրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում եւ բաժիններում: Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Վերահսկիչ պալատի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) եւ Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով 63 մլն 618 հազար դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ:

Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի (ՏՎԿ) կողմից հարակից բազաներով ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով խախտումների գումարը կազմել է ընդհանուր 29 մլն 652 հազար դրամ: Ըստ ՎՊ-ի՝ նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 90 խախտում՝ ընդհանուր 13 մլն 804 հազար 500 դրամի: Իսկ ահա նպաստառու ընտանիքների անդամների՝ ըստ բնակության վայրի հաշվառման եւ այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 26 խախտում՝ ընդհանուր 6 մլն 111 հազար 500 դրամի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՎՊ-ն ուսումնասիրել է «Նպաստ» տեղեկատվական համակարգը վարող թվով 38 տարածքային գործակալություններից 20-ի` Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի, Վայքի, Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Շիրակի մարզի Արթիկի, Աշոցքի, Մարալիկի, Ամասիայի, Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Տավուշի մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ների եւ Ջերմուկի ՍԱՏԲ-ի կողմից նպաստների նշանակման գործընթացները:
Օրինակ՝ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նպաստառուն 2004 թվականից աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, նրա՝ 2015 թվականի միջին ամսական զուտ աշխատավարձը կազմել է 112 հազար 900 դրամ:

Սոցիալական անձնագրում եկամուտը նշված է 67.2 հազար դրամ, մինչդեռ 2015թ-ի մայիսին աշխատավարձը կազմել է 376.4 հազար դրամ: Միաժամանակ նպաստառուն 2014 թվականից աշխատել է նաեւ Հարթաշենի միջնակարգ դպրոցում, որտեղ միջին ամսական զուտ աշխատավարձը կազմել է 57 հազար դրամ, բայց սրա մասին նպաստառուն տեղեկատվություն չի հայտնել Գորիսի ՍԱՏԳ-ին: Արդյունքում ամսական ստացել է 43 հազար դրամ նպաստ: Նշենք, որ աշխատավարձի իրական չափը կիրառելու դեպքում նպաստառուն կզրկվեր նպաստ ստանալու իրավունքից: Այս ամենի արդյունքում նպաստառուին ավել վճարված գումարը կազմել է 516 հազար դրամ:

Շիրակի մարզի Արեւիկ գյուղում նպաստառուն 2005 թվականից աշխատել է «Հարավ կովկասյան երկաթուղի» ընկերությունում եւ նպաստառու է: Նրա՝ 2015 թվականի երրորդ եռամսյակի միջին ամսական զուտ եկամուտը կազմել է 164 հազար դրամ, մինչդեռ սոցիալական անձնագրում, գործատուի տեղեկանքի համաձայն, եկամուտը մուտքագրվել է 126.3 հազար դրամ: Նրա ամսական նպաստի չափը նույնպես կազմել է 43 հազար դրամ: Մինչդեռ աշխատավարձի իրական չափը կիրառելու դեպքում նպաստառուն կզրկվեր նպաստ ստանալու իրավունքից, ինչի արդյունքում պետությունը 173 հազար դրամ կտնտեսեր:

Իսկ Գավառում նպաստառուն չի տեղեկացրել ՍԱՏԳ-ին այն մասին, որ 2015 թվականին Հայրավանք գյուղում ձեռք է բերել բնակելի տուն, ինչպես նաեւ 4 հատ վարելահող: Գավառի ՍԱՏԳ-ն տեղեկատվությունը ստացել է 2016 թվականի հունիսին: Բայց հարցը սոցիալական աջակցության խորհուրդում չի ներկայացվել եւ նպաստի վճարումը չի դադարեցվել: Մինչդեռ նրան ավել վճարված գումարը կազմել է 280 հազար դրամ:

Ըստ ՎՊ-ի՝ Շիրակի մարզի Հայկավան գյուղում նպաստառու ընտանիքի անդամներից 2-ը 2015 թվականին ձեռք են բերել բնակելի տուն եւ վարելահող: Բայց նպաստառուն այդ մասին տեղեկատվություն չի հաղորդել ՍԱՏԳ-ին եւ նպաստի վճարումը չի դադարեցվել: Ավելին՝ ՍԱՏԳ-ի կողմից տնայց չի կատարվել, արձանագրություն չի կազմվել, հարցը ՍԱԽ-ում չի քննարկվել: Արդյունքում ավել վճարված գումարը կազմել է 168 հազար դրամ:

Բացի այս՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում նպաստառուն չի տեղեկացրել Մեղրիի ՍԱՏԳ-ին այն մասին, որ մայրը 1996 թվականից զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, ունի սեփական հյուրանոց Ագարակում: Տվյալ նպաստառուին ավել վճարված գումարը կազմել է 210 հազար դրամ:
Այսպիսով՝ հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես են համապատասխան վերահսկող մարմինների թերացման, անգործունակության, կամ գուցե միտումնավոր անտեսման արդյունքում կարիքավոր ընտանիքներին հատկացված պետական գումարները բաժին հասնում այնպիսի ընտանիքների, որոնք ապահովված են աշխատանքով:

Հ.Գ. Հիշեցնենք, որ անցած տարի ՎՊ-ն խախտումներ էր հայտնաբերել նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում: Եւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի արդյունքում աշխատանքից ազատվեցին ոչ միայն Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների պետերը, այլեւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս