Դերասանների գիլդիայի պակաս ունենք. Անի Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերից հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:

 

 

-Անի՛, կա՞ն նոր ներկայացումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, որոնցում ընդգրկված եք: Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք:

-Այո՛, հիմա Մայր թատրոնում բեմադրվում է «Հարսնացուն հյուսիսից»-ը (սցենարի հեղինակ` Ժորա Հարությունյան), ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: Բոլորին հայտնի պատմությունը հարմարեցվել է թատրոնի ձեւաչափին: Ինձ բաժին է ընկել ռուս աղջկա դեր: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, կկայանա մայիսին: Բացի այդ` մեր թատրոնում վերականգնվել են ընթացիկ ներկայացումները` «Ռիչարդ Երրորդը», «Եղեգնուհին» եւ այլն:

Ինչ վերաբերում է ֆիլմերին, ամռանը նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» կինոնկարում, որի պրեմիերան կկայանա գարնանը: Այն ամուսնական զույգի մասին է, որը նախքան մեղրամսի մեկնելը ցանկանում է անպայման մասնակցել ընտրական գործընթացին` քվեարկությանը: Եվ երբ հերոսները մտնում են ընտրատարածք, բախվում են շատ հետաքրքիր պատմությունների: Ես մարմնավորել եմ ընտրական հանձնաժողովի նախագահի:

-Մայր թատրոնում բեմադրվող ներկայացումներից դուրս այլ ֆորմատում հանդես գալու ցանկություն կա՞:

-Կցանկանայի խաղալ ներկայացումներում, որտեղ շարժում կա, եւ որոնք ֆիզիկական պատրաստվածություն են պահանջում: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ ես դրա համար էլ գոհ եմ Աստծուց: Համենայն դեպս, եթե, օրինակ, «Փսիխոզ 4:48»-ի (Ս. Քեյն) պես մոդեռն ներկայացում բեմադրվեր, մեծ հաճույքով իմ մասնակցությունը կունենայի:

Բայց այդպիսի գործեր մեր դաշտում չեն ներկայացվում, շատ քիչ են: Իսկ, առհասարակ, ինձ բազմիցս հրավիրել են` խաղալու անտերպրիզային ներկայացումներում, սակայն այն, ինչ առաջարկվել է, ինձ դուր չի եկել: Եթե դերասանը տվյալ աշխատանքից ո՛չ հոգեւոր սնունդ պետք է ստանա, ո՛չ էլ նորմալ գումար, իմաստ չեմ տեսնում ընդունել առաջարկը:

Անի՛, Դուք ակտիվորեն մասնակցում եք «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը: Մշակույթի գործիչներից շատերը պնդում են, որ կինոստուդիան չպետք է մասնավորեցնել (շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ «Հայֆիլմ»-ը մասնավորեցման ծրագրում է-հեղ.): Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ «Հայֆիլմ»-ը գործի, բայց եթե այն մասնավորեցվի եւ այնտեղ անորակ պրոդուկտ ստեղծվի, դրան դեմ եմ: Ամեն դեպքում, առաջնայինը շենքի վերականգնումն է: Ես սովորել եմ Հ. Բեկնազարյանի անվան թատերական ստուդիայում, եւ «Հայֆիլմ»-ի հետ կապված ամեն բան ինձ շատ հոգեհարազատ է:

Ղազախները իրենց «Ղազախֆիլմ»-ը վերականգնեցին, ամոթ է, որ մենք մերին տեր չկանգնենք: Չէ՞ որ «Հայֆիլմ»-ը բրենդ է: Եվ եթե այն վերագործարկվի, ստիպված չենք լինի տներում, չորս պատի մեջ նկարահանումներ իրականացնել, փոխարենը կունենանք համապատասխան տաղավարներ եւ որակյալ աշխատանքի արդյունք:

-Որպես երիտասարդ սենդի դերասանուհի` այսօր Ձեր ասպարեզում ամենաշատը ինչի՞ պակաս եք տեսնում:

-Մենք չունենք դերասանների գիլդիա, որի ներսում կսահմանվեին կիրթ, փորձառու դերասանների գործունեության սկզբունքները: Օրինակ` ներքին պայմանավորվածություն կլիներ առ այն, որ այսինչ նկարահանմանը մասնակցելու համար այսքան գումարից պակաս առաջարկելու դեպքում չենք ընդունելու հրավերը: Այդ միավորումը, ֆինանսական հարցերից զատ, կարող էր սահմանել դերասանների շահերը պաշտպանող մի շարք այլ սկզբունքներ եւս:

Եվ այդ դեպքում գործատուն կսկսեր հարգել դերասանի մասնագիտությունը: Օրինակ` Ռուսաստանում կա նման միավորում, եւ գործատուները ոչ թե վազում են էժան աշխատուժի ետեւից, այլ ընտրություն են կատարում փորձառուների շրջանակից եւ հաշվի են նստում նրանց պահանջների հետ:

-Գուցե հնարավոր չի լինում միավորվել նման նախաձեռնությունների շուրջ, որովհետեւ դերասանները նախեւառաջ իրար հետ լեզու չեն գտնում:

-Կարող է, չգիտեմ: Ուժեղ մեկն է պետք, որը կկարողանա այդ ամենը կազմակերպել: Դա պետք է ավագ սերնդի ներկայացուցիչներն արած լինեին, մեզ էլ իրենց հետեւից տանեին: Բայց քանի որ չեն արել, հուսով եմ` մեզ կհաջողվի դա իրականացնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս