Մենահամերգ` 10 տարի անց. Ռուբեն Սասունցին պնդում է, որ ազգային երգն այսօր պահանջարկ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին (Ռուբեն Հակոբյան) պատրաստվում է մայիսին Երեւանում հանդես գալ մենահամերգով. նրա` այդ ֆորմատով վերջին համերգը հայրենիքում կայացել է ավելի քան տասը տարի առաջ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` երգիչը:

Համերգը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում. «Ավելի վաղ անընդհատ հանդես եմ եկել գործընկերներիս հետ, ելույթներ եմ ունեցել արտերկրում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում եւ այլն: Այս տարի որոշեցի միայնակ ներկայանալ: Իհարկե, համերգի ընթացքում կհնչեն նաեւ զուգերգեր ավագ ընկերներիս հետ: Բացի այդ` սպասվում է մեկ այլ անակնկալ. նույն օրը կթողարկվի իմ` թվով չորրորդ ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական երգեր: Փորձել ենք այնպես անել, որ հին երգերը նոր շունչ առնեն` ժամանակակից գործիքավորման շնորհիվ»,-մանրամասնեց Ռուբենը:

Ռուբեն Մաթեւոսյանի աշակերտը նաեւ նշեց, որ ալբոմի երգերից մեկի հիման վրա պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ, որտեղ հանդես կգա նաեւ «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը. «Փորձում ենք անել ամեն բան, որպեսզի հետաքրքրենք երիտասարդ սերնդին: Թեեւ վերջինս այսպես թե այնպես ցուցաբերում է այդ հետաքրքրությունը, ինչը շատ ուրախալի է: Մեր կենդանի համերգների ընթացքում ակնհայտ է դառնում, թե երիտասարդները, որոնք սովորաբար կազմում են հանդիսատեսի 80 տոկոսը, որքան լավ են տիրապետում ազգային երգ ու պարին»,-ասաց Ռուբենը:

Մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք այսօր ստեղծվում են ազգագրական երգեր, ունենք արդյո՞ք նոր հեղինակներ. «Այո՛, միանշանակ, իմ երգացանկում էլ կան երգեր, որոնք ստեղծվել են այսօրվա հեղինակների կողմից: Օրինակ` երիտասարդ երգահան կա` Հակոբ Ալիխանյանը, որը ստեղծագործում է այս ժանրում: Հիմա, քանի որ մեզ մոտ արդեն մի քանի տարի է` կա ժողովրդական, ազգային երգի պահանջարկը, ի հայտ են գալիս նաեւ ստեղծագործողներ տվյալ ժանրում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս