ՀՀԿ Արարատի մարզային խորհրդի նախագահ է դառնալու Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը հիմա Սերժ Սարգսյանի խորհրդականն է:
Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Ա. Սարգսյանը պետական համակարգում հայտնվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ, բայց տեւական ժամանակ է` նրանց հարաբերությունները, մեղմ ասած, վատ են: Հատկանշական է այն փաստը, որ Ալիկ Սարգսյանը կուսակցական առաջխաղացում է ապրում այն բանից հետո, երբ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահի պաշտոնից ու, ընդհանրապես, ՀՀԿ-ից դուրս եկավ Հ. Աբրահամյանի զարմուհին` Կարինե Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ բլից զրույց ունեցավ Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, լուրեր կան այն մասին, որ Դուք եք լինելու ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի նոր ղեկավարը:
-Ուղղակի խոսակցություններ են, երեւի կնշանակվի:
-Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում ղեկավարել նշյալ կառուցը: Ի՞նչ սկզբունքով:
-Ես այդ կառույցը մի հինգ-վեց տարի ղեկավարել եմ, նույն մարզի հանրապետական խորհուրդը: Այնպես որ, դա ինձ համար անհասկանալի չի, նոր գործ չի: Ես կուսակցական աշխատանքով զբաղվել եմ, ինքս էլ արդեն չգիտեմ՝ քանի տարի է՝ հանրապետական կուսակցության անդամ եմ: Մնացած ուրիշ, որեւիցե նկատառում, նորմալ կուսակցական աշխատանք պետք է կատարեմ:
-Իսկ մարդ մնացե՞լ է այդ կառույցում, որ ղեկավարեք:
-Իհարկե, կան մարդիկ, ովքեր դուրս են եկել, բայց դա չի նշանակում, որ կառույցը լուծարվել է: Կառույցը տեղում է: Կուսակցություներում լինում են, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ դուրս են գալիս:
–Պարո՛ն Սարգսյան, Հովիկ Աբրահամյանի հետ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:
-Ներկա ժամանակներում համապատասխան ո՛չ լավ, ո՛չ վատ: Բարեւ Ձեզ, Ցտեսություն Ձեզ: Այդքան բան:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը