Չնայած կուսակցությունները դեռևս չեն հրապարակել իրենց ցուցակները, սակայն սպասվող պատկերը գրեթե ակնհայտ է: Ըստ այդմ, իշխող ՀՀԿ-ի ցուցակում Տավուշի մարզում առաջադրվելու է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, ով ծնունդով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Նրան ավելի շատ ճանաչում են հայրենի Բերդում, քան մարզի այլ տարածաշրջաններում: Այստեղ կառաջադրվի նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանը: ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: ՀՀԿ-ի ցուցակում այլ անուններ ևս կլինեն:
2007թ. կայացած ընտրություններում թիվ 41 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը ստացել էր 17 203 ձայն, սակայն այս անգամ թեկնածուներն ավելի շատ են լինելու, իսկ պայքարն էլ` հենց ՀՀԿ-ի ներսում: ArmLur.am-ն այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավորին:
– Պարո′ն Հակոբյան, ինչպես եք պայքարելու ձեր մրցակիցների դեմ: Ինչո՞ւ պետք է հենց Ձեզ ընտրեն:
– Ես տասը տարի է այս տարածքի պատգամավորն եմ, այն մյուս կեսում էլ բարեկամներ ունեմ: Եթե նպատակահարմար կգտնեն, որ ինձ ընտրեն մարզում, ուրեմն կընտրեն, եթե չէ` չէ: Ես ժողովրդի փոխարեն ոնց կարող եմ պատասխանել:
– Բայց չե՞ք մտահոգվի, որ ի վերջո դուք չհայտնվեք խորհրդարանում:
– Իհարկե, խնդիր չէ: Ես հայ մարդ եմ, հայաստանցի, իմ երկրում պետք է ապրեմ, մնամ, ՀՀԿ-ի հետ եմ:
– Բայց ՀՀԿ-ից անընդհատ դուրս են գալիս, դա ինչի՞ հետևանք եք համարում:
– Գիտե’ք, ես դեռ ոչ մեկի հետ չեմ զրուցել, որ իմանամ` ինչի համար են դուրս գալիս: Դե նման բաներ միշտ լինում են:
– Բայց դա չի՞ թուլացնում կուսակցությունը:
– Ես չեմ կարծում թուլացնում է, ՀՀԿ-ն բազմանդամ կուսակցություն է: Բնականաբար ցանկալի չէ, ես չէի ուզենա, որ որևէ մեկը դուրս գար: Ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ դուրս են գալիս, իրենց գործն է, չեմ կարծում, որ կուսակցությունը թուլանա:
– Դուք երբևէ չե՞ք մտածել կուսակցությունից դուրս գալու մասին:
– Ինչ-որ մեկ անգամ դուք ունե՞ք նման կասկած, որ ես կարող եմ իմ շրջապատին լքել:
– Բայց Հովիկ Աբրահամյանից էլ չէին ապասում:
– Դե ես էլ չէի սպասում, բայց եկեք այդ մասին մենք չխոսենք: Մանրամասներ չգիտեմ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, բայց իմ տեղն ասեմ, որ ոչ:
– Հովիկ Աբրահամյանը նշեց, թե իր կյանքի բարդ որոշումն էր, այսինքն ոչ մի պատճառ չի լինի, որ դուք էլ այդպիսի մի բարդ որոշում կայացնեք:
– Չեմ կարծում, բայց Աստված չանի:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը