ՊԵԿ-ում պաշտոնյաների մեծ արտահոսք է սկսվել. ընդհուպ մինչև տարածքային տեսչության պետեր են աշխատանքից ազատման դիմումներ գրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում պաշտոնյաների մեծ հոսք է սկսվել: Իսկ ո՞րն է պատճառը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունում ընդհուպ մինչեւ տարածքային տեսչության պետերը աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Եւ ինչպես ցույց են տալիս զարգացումները, արտահոսքը բավականին խորը արմատներ ունի: Մարդիկ հոգնել են այդ համակարգի հետ գործ ունենալու մտքից անգամ:

Նախ հիշեցնենք, որ այս տարվա հունվարին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի տարածքային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը: Այն, որ վերջինիս ազատումը պատահականություն չէր, հասկանալի էր ի սկզբանե: Հրապարակվել էր, որ Հրանտ Կարապետյանը, տարիներ ի վեր լինելով Մաշտոցի հարկայինի պետ, այդտեղ պահել է ապօրինի բաժին, որը զբաղված է եղել փող հավաքելով: Թեեւ նրան տեղափոխեցին Գավառ, սակայն ստիպեցին ազատման դիմում գրել եւ հեռանալ:

Նախօրեին տեղեկացանք, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրա ազատման փաստը Սեւանի հարկային տեսչությունում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Մասնավորապես այն, որ Նաիրի Բախշյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության պետ, ինչու պետք է ազատման դիմում գրեր:

Պարզվում է՝ բոլոր պետերին աշխատանքի նշանակելիս խիստ հրահանգվել է՝ մաքուր աշխատել: Բայց քանի որ «մաքուր աշխատելու» դեպքում հարկայինի աշխատակից լինելը ամենեւին էլ եկամտաբեր չէ, ուստի շատ ղեկավարներ գերադասում են դիմում գրել ու հեռանալ:

Թեեւ Նաիրի Բախշյանի հեռացման մասով մի վարկած էլ է շրջանառվում: Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Դրանից հետո սկսվեցին նրա մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը: Քանի որ Նաիրի Բախշյանը եւ Հովիկ Աբրահամյանը համակուրսեցիներ են եղել, չի բացառվում, որ ազատումն այս ֆոնի վրա եղած լինի:

Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ հատկապես պետեկամուտների կոմիտեն վերջին շրջանում լուրջ փորձությունների ենթարկվեց: Մեկ միացավ ֆինանսների նախարարությանը, մեկ առանձնացավ, այդ ընթացքում 3 ղեկավար փոխվեց: Ու այդ բոլոր վայրիվերումները աշխատակիցների համար իսկական գլխացավանք են դարձել: Մինչեւ հարմարվում են մի ղեկավարին, փոխվում է: Մինչեւ մյուսի մոտ են «ծանոթ գտնում», հասկանում են, որ «ուշ է»: Ահա մեր պետական համակարգի պերճանքն ու թշվառությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս