Լոռու մարզի 100 համայնք չունի գլխավոր հատակագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նախորդ տարի Լոռու մարզում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են իրականացվել, սակայն ի թիվս տարբեր համայնքներին բնորոշ տարբեր խնդիրների` առկա են նաեւ գլոբալ խնդիրներ, որոնք նույնն են բազմաթիվ համայնքներում:

Մասնավորապես մարզի 100 համայնք չունի գլխավոր հատակագիծ, համայնքներում չի վարվում քաղաքաշինական կադաստր, համայնքները չունեն քաղաքաշինական կանոնադրություն, շինարարության թույլտվությունները սահմանված ժամկետներում չեն ներկայացվում իրավասու մարմիններին: Մարզպետարանի կողմից կատարված տեսչական ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ համայնքներում պատշաճ չեն ապահովվում շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժ խմբերի համար:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ արվելիք քայլերի շարքում Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն առաջարկում է. «Նպատակահարմար է մարզի քաղաքային համայնքներում կազմավորել քաղաքաշինական խորհուրդներ, որոնց կազմում կընդգրկվեն մարզպետարանի քաղաքաշինության վարչության համապատասխան ներկայացուցիչները, համայնքներում նախատեսվող կառուցապատման առավել օպտիմալ լուծումներ եւ տարբերակներ գտնելու համար»:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց նաեւ անցած տարում իրականացված քաղաքաշինական ծրագրերը: «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցումը, «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգումը», «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային լաբորատորիայի կառուցումը, Դեբեդ համայնքում «ՍՄԱՐԹ» կենտրոնի կառուցումը, ինչպես նաեւ Ալավերդի եւ Սպիտակ քաղաքներում նոր մանկապարտեզի շենքերի կառուցումը՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ»,- թվարկեց նա:

Անդրադառնալով 2017թ. շինարարական ծրագրերի ուղղություններին՝ մարզպետարանի վարչության պետը առանձնացրեց բազմաբնակարանների բնակարանային ֆոնդի վերականգնումը, բակերի բարեկարգումը, կոմունալ ենթակառուցվածքների վերանորոգումն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցումը, սեյսմակայունության բարձրացումն ու վերանորոգումը:

Ինչ վերաբերում է բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության ոլորտում արձանագրված թերություններին, վարչության պետը նշեց համատիրությունների ոչ արդյունավետ աշխատանքը, աղբահանության ոլորտում առկա թերությունները, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի մաշվածությունը եւ այլն:

Նշենք, որ կանոնավոր աղբահանություն մեծ հաշվով իրականացվում է միայն քաղաքային համայնքներում, իսկ գյուղական համայնքներում չկան պահանջվող նորմերին համապատասխան աղբավայրեր, չկան նաեւ աղբավայրերից կեղտաջրերի ֆիլտրացման համակարգեր (բացառությամբ Ալավերդի քաղաքի):

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս