Հայրենի կառավարությունը «եթե»-ներ է առաջ բերում. ո՞ր դեպքում ԱԱՀ կգանձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական հանձնաժողովի՝ հունվարի 25-ի նիստում միաձայն որոշում կայացվեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին: Ըստ այդմ, տեսախցիկները կտեղադրեն ոչ բոլոր տեղամասերում, քանի որ այդ ծրագրի իրագործման համար ԵՄ-ի տրամադրած գումարն ավելի քիչ է, քան տեսախցիկների տեղադրման ծառայությունը մատուցող EIC ընկերության պահանջածը:

Ճիշտ է՝ հստակեցվեց կարեւորն ու տրվեց հարցի վերջնական պատասխանը, բայց այնուամենայնիվ, մեկ հարց դեռեւս մնում է օդում կախված. արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաղթող ընկերությանը կազատի ԱԱՀ-ից:

Չնայած Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը լավ է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում, այնուամենայնիվ, հայրենի կառավարության կողմից դեռեւս որեւէ հստակեցում եւ պարզաբանում այդ հարցով չի տրվել:

«ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում հաղթող ընկերությանը տալ հարկային արտոնություններ՝ ազատելով ԱԱՀ-ից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից փորձեց պարզել՝ արդյո՞ք վերջինս պատրաստվում է տեսախցիկների համար հատկացված գումարից ավելացված արժեքի հարկ գանձել, այն դեպքում, երբ որեւէ լումա չի ներդնում այդ ծրագիրն իրականացնելու համար:

Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին նախ տեղեկացրին, որ ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկով հարկվում են հետեւյալ գործարքները կամ գործառնությունները՝ ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը եւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը:

«Հաշվի առնելով օրենքով սահմանված կարգավորումները՝ հայտնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է տեսանկարահանող սարքերի՝ ՀՀ տարածք ներմուծման դեպքին, ապա, ինչպես ապրանքների ներմուծման նմանատիպ այլ գործառնությունների դեպքում, հաշվարկվում է ԱԱՀ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում ապրանքների մատակարարմանը կամ դրանց տեղադրման ծառայության մատուցմանը, ապա նշված գործարքները ենթակա կլինեն ավելացված արժեքի հարկով հարկման, եթե նշված ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող հարկ վճարողներն օրենքի համաձայն հանդիսանան ԱԱՀ վճարողներ»,- հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ միաժամանակ նշելով, որ կառավարությունը նախատեսում է համաֆինանսավորել տեսախցիկների տեղադրումը ԱԱՀ չափով:

Իհարկե, լավ է, որ գոնե ԱԱՀ-ի չափով համաֆինանսավորում է լինելու, սակայն, այդուհանդերձ, կառավարության այս մոտեցումն անհասկանալի է: Հաճախ գործադիր մարմինը հարկային արտոնություններ է տալիս այնպիսի ընկերությունների, որոնց գործունեությունն առանձնապես չի խթանում մեր տնտեսության զարգացումը, իսկ այս դեպքում, երբ նախատեսվում է տեսախցիկների տեղադրման միջոցով ապահովել թափանցիկ ընտրություններ, հայրենի կառավարությունը «եթե»-ներ է առաջ բերում:

Վահագն Հակոբյան




Լրահոս