ԵՏՄ-ն շարունակում է «անակնկալներ» մատուցել հայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, հղում անելով «Իզվեստիա» պարբերականին, գրել էր, որ ԵՏՄ անդամ երկրների ներգաղթյալների համար, ովքեր աշխատում են Ռուսաստանում առանց աշխատանքային պայմանագրի, նոր կանոններ են մշակվել: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից մշակված նոր օրինագծի համաձայն՝ բացի արտաքսումից՝ իրավախախտները 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն:

Բացառություն է արվել Բելառուսի քաղաքացիների համար, ովքեր ազատված են միգրացիոն քարտի ստացումից:

Նշվում է, որ օրինագծի նպատակը Ռուսաստանում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կացության ժամկետների հետեւման վերահսկողությունն է: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ արգելք կսահմանվի արտասահմանցիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ այն դեպքում, եթե միգրացիոն քարտի մեջ աշխատանքը նշված չէ որպես մուտքի նպատակ: Գաղտնիք չէ, որ մեր «խոպանչիների» մեծ մասն աշխատանքային պայմանագիր չի ունենում, չի էլ հետաքրքրվում այդ պայմանագրով, հիմնական խնդիրը նրանց համար աշխատանքի վարձատրությունն է:

Եվ, բնականաբար, այս կարգի հաստատման դեպքում նրանք բախվելու են լուրջ խնդիրների: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե ո՞ւր մնացին ԵՏՄ անդամ երկրների համար սահմանված առավելությունները, այն վարդագույն խոստումները, որ պետք է իրականություն դառնային այդ միությանն անդամակցությունից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը հարցի առնչությամբ զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, «Իզվեստիա» պարբերականը գրում է, որ ԵՏՄ երկրների ներգաղթյալների համար, ովքեր աշխատում են Ռուսաստանում առանց աշխատանքային պայմանագրի, նոր կանոններ են մշակվել: Նոր օրինագծի համաձայն՝ բացի արտաքսումից՝ իրավախախտները 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն:

Սա Ռուսաստանում աշխատանք փնտրող մեր հայրենակիցների համար լուրջ խնդիրներ կառաջացնի: Դուք, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս նոր օրինագիծը:

-Իրականում հանձնաժողովում նմանատիպ հարցի քննարկում չի եղել, որ մանրամասների տիրապետեմ, իսկ սեփական ցանկություն՝ ԵՏՄ-ն ուսումնասիրելու, երբեւէ չեմ ունեցել: ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանը, համարում եմ, որ ճիշտ ընտրություն չի արել: Բայց հիշում եմ, որ այն ժամանակ, երբ որ մեզ ներկայացնում էին ԵՏՄ-ի դրական կողմերը, ասում էին, որ այնտեղ լինելու է ապրանքների ազատ շրջանառություն, ծառայությունների, ինչպես նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժ:

Հիմա եթե որոշել են հետ կանգնել այդ ամեն ինչից, դա եւս մեկ ապացույց է, որ ԵՏՄ-ի բուն իմաստը եւ այն, ինչ փորձում էին մեզ ներկայացնել, իրականությանը չի համապատասխանում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն այդ ժամանակ ճնշումների ներքո է գնացել ԵՏՄ, այլ ոչ թե սեփական շահերից դրդված: Ցավում եմ եւ որեւէ այլ բան ավելացնելու չունեմ:

-Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցների հիմնական մասը արտագնա աշխատանք փնտրում է Ռուսաստանի Դաշնությունում: Հիմա այս նախագծի կյանքի կոչման դեպքում շատերն այլեւս հույսեր չեն կապի Ռուսաստանի հետ եւ, ըստ երեւույթին, կմնան անգործ: Սա երկրում աղքատության ցուցանիշի ավելացմանը նպաստող եւս մեկ գործոն չի՞ լինի:

-Գիտեք, ես նրա տեղ, որ մտահոգվեմ՝ ԵՏՄ-ում ինչ կլինի, ինչ չի լինի, ավելի շատ մտահոգված եմ, որ ունենանք այնպիսի իշխանություն, հատկապես նոր գաղափարով, որը որ կձեւավորի Հայաստանում այնպիսի մի իրավիճակ, որ ներդրումներ կհոսեն այստեղ, եւ ցանկացած հայ կերազի Հայաստանում աշխատել, այլ ոչ թե այլ երկրում:

-Ըստ Ձեզ` այս օրինագիծը ի՞նչ այլ խնդիրներ կարող է իր հետ բերել:

-Այսօրվա դրությամբ ԵՏՄ-ից եկող որեւէ տեղեկության հանդեպ վստահություն չունեմ: Բայց եթե նմանատիպ խնդիրներ կան, ուրեմն ամեն մարդ պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասելու, նոր վերջնական որոշում կայացնի: Շատ զարմանալի է` ինչի մասին էին խոսում ԵՏՄ-ի գովքն անելու ժամանակ, եթե այսպիսի փոփոխություններ են լինում: Դու ինքդ պիտի պատկերացնես, թե քո գլխին ինչ «օյին» պիտի գա, ինչ է քեզ այնտեղ սպասում եւ վերջնական ընտրությունդ անես. ուզու՞մ ես դրա տակ ընկնես, թե՞ ոչ:

-Ունե՞նք հնարավորություն՝ օգնելու մեր հայրենակիցներին այդ առումով: Ի՞նչ անել, որ նրանք այդպիսի խնդրի չբախվեն:

-Մեր քաղաքացիների համար լավ կարող է լինել Հայաստանում, իսկ Հայաստանում պետք է մի իրավիճակ ձեւավորել, որտեղ մեր ժողովրդավարական ինստիտուտները զարգանան, այստեղ լինեն ներդրումներ, եւ մեր հայրենակիցներն այստեղ աշխատեն, հասկանան, որ Հայաստանն է հայերի երկիրը, եւ պետք է մտածել հայրենիքը շենացնելու մասին:

Վահագն Հակոբյան




Լրահոս