Տավուշում մթերման կետեր չկան. գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց աճեցրած բանջարեղենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում՝ գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվություններ իրակացնելու համար: Գյուղացուն սովորեցնում են հող հերկել, ցանել, մշակել, անասուն պահել եւ այլն: Թե այդ խորհրդատվությունները որքանով են արդյունավետ, դժվար է ասել: Այնինչ՝ գյուղացիական տնտեսությունները իրական աջակցության կարիք ունեն իրենց արտադրանքն իրացնելու հարցում:

Տավուշի մարզի գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց աճեցրած կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերը, չկան դրանք մթերող կազմակերպություններ: Սահմանամերձ մարզում միայն ծխախոտի հումքի եւ խաղողի կազմակերպված մթերում է իրականացվում, մնացած բերքը գյուղացին ինքը պետք է իրացնի: Հայաստանի հիմնական շուկան Երեւանն է, իսկ Տավուշի մարզը մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա է գտնվում, ինչը դժվարացնում է բերքը Երեւանի շուկա հասցնելու գործը:

Տավուշում չկա անասունների մասնագիտացված սպանդանոց, չկան խոշոր եղջերավոր անասունների կաշվի, ոչխարի բրդի, հավերի, սագերի փետուրների ընդունման կետեր: Գյուղացին իր մորթած կովի կաշին աղով մշակելով՝ սպասում է, որ երբեւէ ինչ-որ մեկն այն կգնի: Հայաստանի անկախացումից քառորդ դար է անցել, սակայն այդ հիմնախնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս