2016թ. Լոռու մարզում 23 երեխա տեղափոխվել է մանկատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի Լոռու մարզում երեխաների հետ կապված մի քանի ողբերգական դեպքեր գրանցվեցին: Մի դեպքում 4-ամյա երեխան էր եռման ջուրը վրան լցրել ու ծնողների անուշադրության հետեւանքով 4 օր անց մահացել, մյուս դեպքում՝ մայրն էր երեխային օրեր շարունակ անխնամ թողել ու տանից հեռացել:

Փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել էր թաղամասային բուժքույրը: Իսկ ամենասարսափելի դեպքը, որը ցնցեց ողջ հանրապետությունը, Սպիտակում սեփական երեխաներին խեղդամահ արած ու ինքնասպան եղած կնոջ դեպքն էր:

Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների ու երեխաների հետ տարվող աշխատանքների մասին նախօրեին հաշվետվությամբ է հանդես եկել Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարի ուսումնասիրվել են թվով 840՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներ, կատարվել է նրանց կարիքների գնահատում, ուսումնասիրման եւ գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր եւ ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում:

Ըստ այդմ, 2016թ. 23 երեխա տեղափոխվել է մանկատուն, նրանցից առանց ծնողական խնամքի մնացած եւ կյանքի ու առողջության համար անբարենպաստ պայմաններում գտնվող թվով 22 երեխա, 1 երեխայի էլ տրվել է եզրակացություն մասնագիտացված մանկատուն տեղավորելու համար: Ուշագրավ է, որ նույն թվով՝ 23 երեխա էլ դուրս է գրվել մանկատնից: Իսկ ահա 30 երեխայի մուտքը խնամքի հաստատություն եւ մանկատուն կանխվել է:

Հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի մանկատանը բնակվում է 64 երեխա:
Անցած տարվա ընթացքում Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է ընդունվել 24 երեխա: Հունվարի 1-ի դրությամբ կենտրոնում խնամվում է 105 երեխա:

Ոստիկանության համապատասխան ծառայությունների եւ խնամատարության ու հոգաբարձության հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել են մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների խնդիրները, անհրաժեշտության դեպքում արվել են ուղղորդումներ համապատասխան հաստատություններ: Կանխարգելման աշխատանքներ են իրականացվել իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսեւորող ծնողների հետ: Ընդհանուր հաշվառման մեջ է գտնվում 22 երեխա:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս