Այս օրերին բենզինը կրկին թանկացել է: Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ փոխվեց կառավարությունը, նորանշանակ վարչապետը հայտարարել էր, թե պայքարելու է մենաշնորհների դեմ, եւ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել: Դրանից հետո հայտարարվեց բենզինի եւս մեկ ներկրողի մասին՝ «Մաքս-պետրոլ» ՍՊԸ, եւ արդեն հոկտեմբերից բենզինի գները կտրուկ նվազեցին մոտ 50 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 380 դրամից էժանացել, դարձել էր 330 դրամ: Բայց պարզվում է՝ այդ ամենը ընդամենը ժամանակավոր շոու-ներկայացում էր. այս օրերին բենզինի գինը կրկին սկսել է բարձրանալ:
Երեկվա դրությամբ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր մինչեւ 360-370 դրամով: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես բենզինի շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճ է արձանագրել՝ 2.2 տոկոս: Բենզինի գների բարձրացման շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից հայտնեցին, որ հանձնաժողովը այժմ ուսումնասիրում է Հայաստանի բենզինի շուկան:
Եւ տնտեսվարողներից համապատասխան փաստաթղթային տեղեկատվությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: Հայաստանյան բենզինի շուկայում վերջին օրերի գնաճն ուշագրավ է մեկ այլ առումով. մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում կրկին սկսել է նվազել նավթի գինը, եւ ենթադրվում էր, որ դրա հետեւանքով պետք է նվազի նաեւ բենզինը: Մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցեսն է ընթանում: