ՀՀԿ ներսում լուռ դժգոհություն է հասունանում. դաշինքը «ֆիլիալների» տեսքով է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ներսում լուռ դժգոհություն է հասունանում: Պատճառը ԱԺ ընտրությունների նոր ընտրակարգն է: Ավանդաբար համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականները չեն ցանկանում ընդրգրկվել ռեյտինգային ցուցակներում եւ այդպես պայքարել մանդատի համար: Քանի որ չեն կարողանալու մեծ ձայներ ապահովել:

Բայց սա, բնականաբար, դուր չի գալիս նրանց, ովքեր առաջադրվելու են ռեյտինգային ցուցակներով, կաշվից դուրս են գալու՝ ՀՀԿ-ին ձայն ապահովելու համար՝ իմանալով, որ իրենք, այնուամենայնիվ, չեն դառնալու պատգամավոր:

Ու հիմա ՀՀԿ ներսում քննարկումներ են սկսվել, որ իրականում պատգամավոր դառնալ ցանկացողները պետք է պարտադիր առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսվել է, որ բացառություն կարող են լինել միայն կառավարության անդամները, որոնք թեեւ կարող է ընդգրկվել ՀՀԿ ցուցակ, մանդատից կհրաժարվեն, եւ հետո՝ կա գործադիրի լիազորությունների իրագործման խնդիր, մինչդեռ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելը կխանգարի աշխատանքին:

Այս ամենից բացի՝ լուռ դժգոհություն կա նաեւ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած մարդ-կուսակցությունների մասով: Ըստ էության, ՀՀԿ «ֆիլիալի» վերածված այդ կուսակցությունների ղեկավարները կրկին ցանկանում են դառնալ պատգամավոր, բնականաբար, ՀՀԿ-ի հաշվին, համամասնական ցուցակով, այսինքն՝ առանց ռեյտինգային կարգով առաջադրվելու: Ու քանի որ նոր Սահմանադրության համաձայն՝ հաջորդ ԱԺ-ում պատգամավորների թիվը սահմանափակ է (լինելու է առնվազն 101 պատգամավոր եւ, բնականաբար, ոչ բոլորը՝ ՀՀԿ-ից) հիմա ներսում խանդի տեսարաններ են սկսվել:

Եթե անկեղծ, ապա ՀՀԿ-ականների դժգոհությունը նույնիսկ արդարացված կարելի է համարել, քանի որ այդ կուսակցությունները դարձել են ընդամենը «պատառ փախցնողներ», որոնք որեւէ ռեալ օգուտ չեն տալիս: Այս ընթացքում նրանք միայն օգտվել են իշխանության հնարավորություններից՝ պատգամավորական մանդատ, անձեռնմխելիություն, բարձր աշխատավարձ, հինգ տարի շարունակ պարբերական ճամփորդություններ եւ այլն, փոխարենը ոչինչ չտալով դրա դիմաց. բացառություն կարող է լինել Ս. Սարգսյանի հասցեին գովասանքի հարցազրույցներ տալն ու ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարությունները: Բայց դրանց էֆեկտը, ինքներդ եք հասկանում, զրոյական է, եթե չասենք՝ շատ հաճախ բացասական:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած մյուս կուսակցությունների ղեկավարներից պարզել՝ արդյո՞ք պատրաստվում են առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը նշեց, թե իրենք ՀՀԿ-ի հետ շարունակելու են համագործակցել, ինքը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ ահա ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու: «Իհարկե, համամասնական ցուցակում եմ լինելու: Ո՞նց եք պատկերացնում, որ կուսակցության նախագահն առաջադրվի ռեյտինգային կարգով»,- ասաց նա:

Մելիքյանը, սակայն, նաեւ նշեց, որ իրենց կուսակցության անդամներից լինելու են ռեյտինգային ցուցակով առաջադրվողներ: Թե ովքեր են նրանք, Մելիքյանը չբացահայտեց. «Ժամանակը կգա, կտեսնեք»: Եթե անկեղծ՝ ապա այս կուսակցությունում Մելիքյանից բացի դժվար է որեւէ այլ մարդու մտաբերել, բայց, դե, սա արդեն կարեւոր չէ: Գլխավորն այն է, որ կուսակցական «բոսս» է Մելիքյանը:

«Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը դժվարացավ նշել՝ ինքն ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին: «ՀՀԿ-ի հետ կա ավանդական համագործակցություն, արդեն 10 տարի է՝ համագործակցում ենք: Մնացած բոլոր հարցերը պարզ կլինեն առաջիկայում: Հիմա դեռ հստակեցման փուլում է»,- ասաց Թորոսյանը:

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւս նշեց, թե դեռեւս քննարկումներ են ընթանում, եւ վերջնական որոշում կայացված չէ: Իսկ հարցին, թե ինքն անձամբ ուզում է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, Հարությունյանը հստակ պատասխան չտվեց: «Մի քանի օր էլ սպասեք եւ կտեսնեք»,- նշեց նա:

ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի պատասխանը, իհարկե, ամենաօրիգինալն էր. Գեղամյանը հիշեցրեց, որ ինքը վերջերս երկու ծավալուն հոդված է գրել, որոնք հրապարակվել են հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում, աշխատում է երրորդ հոդվածի վրա, այն եւս լույս կտեսնի. «Խնդիրը մի՛ հասարակացրեք: ՀՀ-ն բավական լուրջ մարտահրավերների առաջ է՝ պայմանավորված առաջին հերթին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով, հարեւան երկրի սուլթանի ծայրաստիճան վտանգավոր հայտարարություններով եւ այդ երկրում վիճակի սրացմամբ, որը, Աստված մի արասցե, կարող է ավարտվել պատերազմական գործողություններ սանձազերծելով: Հիմա էս հարցերը թողած, երբ նման հարցեր եք տալիս, տխրում եմ պարզապես»,- հորդորեց Գեղամյանը:

Այնուամենայնիվ, պարոն Գեղամյանը լինելո՞ւ է ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ, պատասխանեց. «Մի՛ հասարակացրեք իրավիճակը: Բոլորս հիմա պետք է համախմբվենք, կոնսոլիդացիայի ենթարկենք ազգը, որ կարողանանք բախտախնդիր Ալիեւների եւ նրանց թիկունքում կանգնած ուրիշ հայատյացներին ասենք, թե ովքեր ենք»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս