ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հալաբյանում ավտոբուսի պայթյունի գործով նոր վկա կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի գործի վերաբերյալ ենթադրյալ մեղադրյալ Ռուբեն Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, ArmLur.am-ին հայտնեց, որ այս ընթացքում մի շարք քննչական գործողություններ են իրականացվել, ինքը հաղորդում է ներկայացրել փաստաբան Արսեն Մկրտչյանի դեմ, սակայն քրեական գործի հարուցումը քննիչը մերժել է ապացույցների բացակայության պատճառաբանությամբ:

Նախ հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն դեպքից հետո հաղորդեց, որ կատարվածը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետեւանք էր: Սակայն մինչ օրս այդպես էլ հայտնի չդարձավ՝ ի վերջո, տեղի ունեցածը պատահականությո՞ւն է, թե՞ նախապես պլանավորված գործողություն:

Հայտնի է, որ պայթյունը ողբերգական հետեւանքներ թողեց. երկու ուղեւոր, այդ թվում ենթադրյալ մեղադրյալ Ռուբեն Բալյանը, մահացան, ութը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ռ. Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ հանգամանքներ էր ներկայացրել՝ չբացառելով, որ հնարավոր է՝ որդին ինքնաշեն պայթուցիկներով փողոց դուրս գալով այլ նպատակ է հետապնդել, քանի որ խնդիր ուներ ինչ-որ անձանց հետ, մասնավորապես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակից, այժմ փաստաբան Արսեն Մկրտչյանի:

Մեր հրապարակումից հետո իրավապահները քննություն էին սկսել: Նյութեր նախապատրաստելու ընթացքում հարցաքննվել է նաեւ Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ինքը ճանաչել է Բալյանին, սակայն նրա հետ որևէ գործարքի մեջ չի մտել: Նշենք, որ Կ. Ոսկանյանը հայտնել էր, թե փաստաբանը խաբեությամբ, որդուն արտասահման ուղարկելու կեղծ խոստումներով նրանից խոշոր չափերով գումար էր վերցրել:

Այսպիսով, քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն ենթադրյալ մեղադրյալի մայրը որոշումը կբողոքարկի: ArmLur.am-ին Կ. Ոսկանյանը հայտնեց, որ ինքը վկա ունի, ով կարող է ապացուցել, որ փաստաբան Արսեն Մկրտչյանը որդուց գումար է պահանջել:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս