Համաձայնեք, որ յուրաքանչյուրն ունի հաշիվ գոնե մեկ հայտնի սոցցանցում: Նման հարթակների օգտատերերի թիվը հասնում է միլիոնների, և դա զարմանալի չէ: Սոցցանցերի միջոցով մարդիկ շփվում են իրար հետ, հետևում միմյանց կյանքին, նորություններ կարդում և կիսվում իրենց մտքերով:
Սակայն երբեմն մենք մոռանում ենք, որ սոցցանցերից օգտվում են նաև չարամիտ հայացքներ ունեցող մարդիկ:
Ինչով չի կարելի կիսվել սոցցանցերում.
Ավիատոմսեր
Կիսվել գալիք արձակուրդի մասին նորությամբ՝ սոցցանցերի օգտատերերի ամենատարածված ցանկությունն է: Սակայն պետք չէ դրա մասին հայտնի՝ տեղադրելով ավիատոմսի լուսանկարը: Իմանալով «բրոնյա» արված համարը կամ շտրիխ կոդը, չարագործները կարող են մուտք գործել ձեր անձնական կաբինետ ավիաընկերության կայքում: Իսկ այնտեղ տվյալներ կան թռիչքի երթուղու, ներկայացված փաստաթղթերի մասին, նույնիսկ բանկային քարտի թվեր:
Վիճակախաղի տոմսեր
2015թ. Ավստրալիայի բնակչուհին վիճակախաղով 825 դոլար շահեց: Մինչ գումարը ստանալը նա հրապարակեց սելֆի երջանիկ տոմսի հետ: Սակայն նրա ընկերներից մեկը օգտվեց շտրիխ կոդից և ստացավ շահումը:
Բանկային քարտեր
Ձեր բանկային քարտի մի քանի համար կարող է բավական լինել, որպեսզի զրոյացնեն ձեր հաշիվը:
Միջոցառման տոմսեր
Դրանով կարող են օգտվել չարագործները, ովքեր մեծ ուրախությամբ կայցելեն այդ միջոցառումները ձեր փոխարեն:
Էկրանի չստուգված լուսանկարներ
Մի հրապարակեք սքրինշոթը, եթե չեք ստուգել, թե ինչ մանրամասներ են երևում: Մասնավորապես, սոցցանցի գաղտնաբառեր:
Փաստաթղթեր
Վտանգավոր է նաև հրապարակել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ: Չարագործները կարող են գործել ձեր անունից:
Մերկ լուսանկարներ
Այս կետը մեծամասամբ վերաբերում է աղջիկներին: Հաճախ խաբեբաները ապահովված տղամարդ են ձևանում և խնդրում մերկ լուսանկարներ ուղարկել, սակայն քիչ չեն դեպքերը, երբ վերջիններս դրանք օգտագործում են շանտաժի ենթարկելու համար:
Լուսանկարներ, որոնց օգնությամբ կարող են «կոտրել» ձեզ
Այստեղ խոսքը ոչ այնքան լուսանկարներին, որքան դրանց ներքևում արված գրառումների մասին է: Օրինակ, դուք կիսվում եք ձեր տնային կենդանիների լուսանկարներով և գրառում կատարում, որ դա ձեր սիրելի շունն է, օրինակ, Ֆունտիկ անունով: Ինքնին այդ լուսանկարները որևէ վտանգ չեն ներկայացնում, եթե միայն դրանք չեն օգտագործվել որպես գաղտնի հարց՝ տրված գաղտնաբառի վերականգնման համար: