Նավը լքածները վերադառնում են «Ծառուկյան» դաշինք. ինչ է սպասվում Կարո Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանի հակածառուկյանական արշավանքի օրերին ԲՀԿ-ից հեռացած Կարո Կարապետյանի օրենսդրական գործունեությանը:

Կարո Կարապետյանը (մականունը` Յուվեցի Կարո) ՀՀ ԱԺ պատգամավոր է 2007թ.-ից` ընտրված լինելով ԲՀԿ համամասնական ցուցակով: Թեեւ նա իր հոր` Երեմ Կարապետյանի հետքերով է դարձել պատգամավոր, սակայն ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում նախընտրել է վերջինին: Առհասարակ, այս պատգամավորը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ ընկնելու սովորությամբ: Այսպես՝ դեռ 2009թ. Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որն ուղեկցվել էր ծեծկռտուքով, կրակոցներով եւ մարմնական վնասվածքներով:

2011թ. նրա վարորդին ԱԱԾ-ն ձերբակալել էր` կասկածելով մաքսանենգության մեջ: Իսկ 2014թ. Կարապետյանը հայտնվեց Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կենտրոնում, նրա փեսա Գոռ Առաքելյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, սպանության փորձի, երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:

Կարապետյանը հետեւողականորեն աշխատել է Սերժ Սարգսյանի համար գրեթե բոլոր ընտրություններում: Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին չեզոքացնելու՝ 2015թ. փետրվարյան իրադարձություններից անմիջապես հետո նա լքեց ԲՀԿ-ի շարքերը:

ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումում պատգամավորը նշում էր, որ այդ քայլին է գնում՝ չկիսելով ԲՀԿ-ի` ներքաղաքական գործընթացները լարելու քաղաքականությունը: Կարապետյանը միաժամանակ պատրաստակամություն էր հայտնում ԱԺ-ում շարունակելու իր գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր: Նախորդ 5 տարիներին Կարապետյանը ԱԺ նիստերից բացակայել է 452 անգամ, իսկ մասնակցելիս կողմ քվեարկել 319 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 17 անգամ: Պատգամավորը քվեարկությունից հրաժարվել է 168 անգամ, երբեւէ չի մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցադրումներով: Վերջին շրջանում ներկա է եղել ԱԺ նիստերին` սատարելով Սերժ Սարգսյանի իշխանության աղմկահարույց նախաձեռնությունները` «1000 դրամների նախագիծ», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք» եւ այլն:

Ակնհայտորեն Կարապետյանն ակնկալում է, որ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը ամեն քայլափոխի ցուցադրելով՝ կհայտնվի գալիք խորհրդարանում, գուցե կրկին ԲՀԿ ցուցակով:

Ն. Հովսեփյան

 




Լրահոս