Պետական գնումների մասին նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, իր առջև սկզբունք է դրել պետական ֆինանսների ծախսման արդյունավետության բարձրացումը և կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը: Այս մասին այսօր պետական գնումներին վերաբերող սեմինար-քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` նոր օրենքով գնումների գործընթացը բավականին պարզեցվել է, նվազեցվել են գնման ձևերը:
«Եթե նախկինում կար բաց, պարզեցված, բանակցային ընթացակարգ` հայտարարությամբ, բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության, մրցակցային երկխոսություն, սահմանափակ ընթացակարգ, նոր օրենքով գործում է միայն էլեկտրոնային աճուրդը, մրցույթը, գնանշման հարցումը և մեկ անձից գնումները», – հավելեց նախարարը` կարևորելով պետական մարմինների հետ բիզնես հանրության անմիջական շփման նվազեցումը, հակակշռման մեխանիզմների ներդրումը, արտադատական բողոքարկման անկախ և գործուն համակարգի ներդրումը:
Նախարարի խոսքով` էլեկտրոնային հարթակը թույլ կտա սպեկուլյացիաները վերացնել, այն զսպաշապիկ է: «Համարձակ քայլերի ենք գնացել»,- հավելեց նախարարը: