Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում գործող ազգագրական թանգարանը ստեղծվել է բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանի ջանքերով: Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող թանգարանում մեր պատմության նյութական վկայություններն են: Ն. Արզումանյանը թանգարանի տնօրենն է եւ միակ աշխատողը, սակայն աշխատավարձ չի ստանում: Բացի այդ՝ ցուցանմուշները վատ պայմաններում են պահվում: Չնայած դրան՝ Ն. Արզումանյանը հպարտանում է թանգարանի ցուցանմուշներով, հատկապես հին, մեծ կարասով:
Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է թանգարանը նորոգվելու: Գյուղապետն ասաց, որ 3 տարի առաջ գործարար Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքը փոխվել է, պատերը դրսից սվաղել են, փլուզված մի պատը վերականգնվել է: Գյուղապետի խոսքով՝ հնարավորություն կար շենքի ներսն էլ նորոգելու, հատակը փոխելու, այդ նպատակով մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն էր կայացել:
Սակայն թանգարանը հիմնադրած Նորայր Արզումանյանը դրան չի համաձայնել՝ ասելով, որ թանգարանի ցուցանմուշները լավ պահպանելու համար հարկ է նախ եւ առաջ 10 մետրանոց պատ կառուցել եւ թանգարանի տարածքը ընդարձակել: Գյուղապետը նշեց, որ համայնքի սուղ բյուջեն հազիվ է բավարարում համայնքապետարանի աշխատողներին աշխատավարձ վճարելու համար, ուստի ոչ միայն վերանորոգման հարցերը իրենք չեն կարող հոգալ, այլեւ թանգարանի աշխատողի հաստիք չեն կարող պահել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ