Ի՞նչ նոր անակնկալ է պատրաստում դիզայներ Նուռը` Երևանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանցիները շուտով ականատես կլինեն դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) հերթական յուրօրինակ աշխատանքին: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շրջակայքում տեղ գտած «Ընթերցողը» արձանի հեղինակը «Ժողովուրդ»-ին պատմել է գրքային թեմայով նոր նախագծի մասին, անդրադարձել է իր նոր հավաքածուի յուրահատկությանը, խոսել է շոուբիզնեսցիների հետ աշխատելու առանձնահատկություններից:

-Կա՞ նոր նախագիծ, որի վրա աշխատում եք, եւ որը, գուցե, շուտով դառնա մեր քաղաքային միջավայրի մի մասը:

-Այո՛, հենց այս պահին աշխատում եմ մի նախագծի վրա: Շուտով մայրաքաղաքում կհայտնվեն գրքերի փոքրիկ խանութներ, որոնք արտաքինից կհիշեցնեն հենց գրքերի: Այսպես ասած` կմտնեք գրքի մեջ եւ կգնեք գիրք:

-Այսինքն` դա լինելու է բուտիկների ցա՞նց:

-Այո՛, խոսքը թվով յոթ բուտիկների մասին է: Այդ խանութների թիվը, հնարավոր է, հետագայում ավելանա: Նախաձեռնությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է: Նախագիծը, թերեւս, ավարտին կհասցնեմ հաջորդ շաբաթվա վերջում: Դրա նախադեպը ոչ մի տեղ չկա:

-Մի փոքր պատմեք Ձեր հեղինակած «Սաթենիկ» զարդերի հավաքածուի մասին: Այն, որքանով տեղյակ եմ, պետք է համալրվի վեց տարի շարունակ: Ո՞րն է դրա խորհուրդը:

-Հիմա իմ ցուցասրահում ներկայացված է «Սաթենիկ»-ը, որի շրջանակում դեռեւս տեղ է գտել 2016-ի հավաքածուն: Այսինքն` առաջիկա հինգ տարում այն դեռ պետք է համալրվի: Հավաքածուն նվիրված է Սաթենիկ թագուհուն` Արտաշես թագավորի կնոջը: Սաթենիկի սիրտը գրավելու համար պահանջվել է վեց տարի (սրանով էլ պայմանավորված է խորհրդանշական թիվը), եւ Արտաշեսը շատ է աշխատել այդ ուղղությամբ, նաեւ զարդեր է նվիրել նրան: Հավաքածուում նմուշներ են, որոնք, իմ պատկերացմամբ, Արտաշեսը նվիրել է Սաթենիկին:

-Դուք հայտնի եք նաեւ Ձեր թողարկած օծանելիքով: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվո՞ւմ են:

-Այո՛, հենց «Սաթենիկ» հավաքածուում կա զարդ` օծանելիքով (ես օծանելիքը դնում եմ զարդի մեջ), որն ունի Արտամետի խնձորենիների ծաղկունքի բույրը: Սա այն միջոցն էր, որի շնորհիվ Սաթենիկը չկարողացավ դիմադրել Արտաշեսին եւ համաձայնեց լինել նրա կինը:

-Որպես դիզայներ` շարունակո՞ւմ եք աշխատել հանրային մարդկանց հետ:

-Այո՛, անշուշտ: Վերջին շրջանում աշխատել եմ, օրինակ, Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ: Հուսամ` նրանց նոր նախագծում ես եւս կունենամ իմ ներդրումը:

-Առհասարակ, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները բա՞ց են նոր առաջարկների առջեւ, թե՞ այդ առումով ճանապարհ ունեն անցնելու:

-Անցնելու ճանապարհ, բեմի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդիր ունեն հատկապես երիտասարդ արտիստները: Նրանք, չգիտես ինչու, երբեմն որոշում են, որ միայն բեմ դուրս գալը բավական է, այնինչ՝ բեմը ունի հստակ պահանջներ. դրանցից մեկն էլ այն է, որ արտիստը պետք է ճաշակ թելադրի: 1990-ականներին, օրինակ, երբ արտիստները ոչ մի ռեսուրս չունեին` ո՛չ ֆինանսական միջոցներ, ո՛չ ինֆորմացիայի հարուստ աղբյուր, այնուամենայնիվ, կարողանում էին իրենց համար հագուստներ ստեղծել, ինչ-որ բաներ հորինել, բեմական կերպարներ ստանալ, որոնք, ի դեպ, շատ հետաքրքիր էին եւ ավելի գեղեցիկ էին ստացվում, քան հիմա, երբ ամեն հնարավորություն կա:

Բայց այսօր մեր արտիստները մի քիչ անփույթ են վերաբերվում բեմին: Իհարկե, խոսքս ոչ բոլորի մասին է, բայց նկատել եմ այդ միտումը: Անգամ հեռուստաեթերով նկատողություն եմ արել նրանց: Սրա ելքն այն է, որ նրանք վերանայեն իրենք իրենց մասին կարծիքը: Աստղ բառը մեր իրականության հետ որեւէ կերպ չեմ ասոցացնում, բայց սկսնակները հաճախ իրենց կայացած աստղ են համարում: Այնինչ՝ ճիշտ կլինի, որ վերջիններս ավելի պատասխանատու եւ զգոն վերաբերվեն բեմին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս