Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ. ՇՈՈ՞Ւ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մտադրությունը ամենատարբեր կերպ է մեկնաբանվում. Ծառուկյանը վիրավորված է, քեն է պահել կամ էլ Ծառուկյանին Սերժ Սարգսյանն է գործուղել քաղաքական դաշտ:

Անհարմարություն առաջացրեց
Այն, որ Ծառուկյանի վերադարձը ձեռնտու չէ ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ դաշտում եղած մյուս ուժերին, որոնք կարող էին լրացնել նրանից հետո մնացած բացը, ակնհայտ է: Հետեւաբար ասել, որ Սերժ Սարգսյանն է նրան գործուղել, առնվազն չափազանցրած կլինենք: Նախ նկատենք, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդին ողջունեց դաշինքների կազմավորումը, բայց միաժամանակ բացասական արտահայտվեց Գագիկ Ծառուկյանի վերադարձի փաստի մասին: «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երեւույթ եմ համարում»,- հայտարարել էր նա:
Սերժ Սարգսյանը նույն խոսքերն ասել է նաեւ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի նախօրեին` Առինջի նրա առանձնատանը: Ս. Սարգսյանը փորձել է համոզել, որ Ծառուկյանը ետ կանգնի քաղաքականություն վերադառնալու մտքից, նաեւ ասել, որ նրա տեղը սպորտն է եւ գործարարությամբ զբաղվելը: Սակայն ԲՀԿ առաջնորդը պնդել է իր ցանկությունը` հիմնավորելով, որ իր թիմի եւ հասարակական պահանջ կա, ու նրանց մեջ միակ պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել, այն է, որ պետք է կոռեկտ, առանց վիրավորանքների քարոզարշավ իրականացնեն:
Կհաջողվի՞ արդյոք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց նրա թիմի նկատմամբ ագրեսիան արդեն իսկ տեսանելի է: ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի որդին դեռ չի հայտարարել «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին, արդեն երեկ պաշտոնանկ արվեց նրա փեսան` Էրեբունու թաղապետը:

Ինչքա՞ն կհանդուրժեն
Իսկ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ Ծառուկյանի դեմ արշավը նորից սկսվի: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանից: «Ծառուկյանի նկատմամբ ի՞նչ պետք է սկսվի: Ինքը իրավական նորմերին համապատասխան գործընթաց է սկսել՝ քաղաքականություն մտնելու եւ իր քաղաքական քայլերն իրականացնելու: Եթե քայլերը մնան օրենքների շրջանակներում, բնականաբար, ամեն ինչ նորմալ կլինի»,- վստահեցրեց նա:
Նկատենք, սակայն, որ առաջիկայում ընտրական պայքարը հազիվ թե սահուն ընթացք ունենա: Ի վերջո, Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում եւ ընտրություններին մասնակցում մեծ ակնկալիքով. եթե անգամ նրան չհաջողվի մեծամասնություն կազմել, ապա մտադրված է խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալ` փորձելով իշխանությունից մեծ բաժին վերցնել. նպատակ, որին հասնելու համար նա պատրաստ է մեծ գումարներ ու ռեսուրս ներդնել:
Բացի այդ՝ հազիվ թե նրա մեջ մարած լինի 2015թ-ի փետրվարյան հայտնի իրադարձությունների հուշն ու կատարվածի համար զղջալ տալու պարտադրանքի ցանկությունը: Սրան գումարած՝ առաջիկայում որոշակի դեր կխաղա խնամին՝ ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը: Բնական է, որ այս ընտրություններին Աբրահամյանը կկանգնի Ծառուկյանի կողքին ու կաջակցի նրան, ինչը ակնհայտորեն դուր չի գալիս Սերժ Սարգսյանին, ու նրանց միջեւ հեռակա բանավեճն արդեն սկսվել է: Այն խորանալու միտումներ է ցուցաբերում, որն անհետեւանք չի կարող մնալ նաեւ Ծառուկյանի համար: Այնպես որ, իշխանությունների հետ բախումներն ինչ-որ փուլում` մինչեւ ապրիլ, այնուամենայնիվ, սպասելի են: Առավել եւս, որ Ծառուկյանի վերադարձից հետո տիրող էյֆորիան նյարդայնացնում է իշխանություններին: Բոլոր նեղացածները հավաքվում են Ծառուկյանի շուրջ: Ու հիմա ՀՀԿ-ն փորձելու է դրա դեմ քայլեր անել: Չի բացառվում, որ Ծառուկյանի դեմ արշավն իշխանությունները տանեն վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանի միջոցով:

Կարեւորագույն պայմանավորվածություն
Բանն այն է, որ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաեւ Կարապետյանների պլանները. Ծառուկյանը 2015թ. քաղաքականությունից հեռացավ նրանց միջնորդությամբ՝ հայտարարելով, որ փակում է այդ էջը: Բացի այդ՝ տեղեկություններ կան, որ այս ամռան վերջին Կարապետյանների հետ բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018թ. հետո Սերժ Սարգսյանն իշխանությունը կփոխանցի ներկայիս վարչապետին, եթե 2017թ. ԱԺ ընտրություններում ուժերի հարաբերակցությունը չփոխվի, ու ՀՀԿ-ն կրկին մենիշխանություն ունենա:
Եւ հիմա, երբ Ծառուկյանը բացել է քաղաքականության էջը, եւ ՀՀԿ-ի մենիշխանությունը, ըստ էության, ինչ-որ իմաստով հարցականի տակ է դրվում, սցենարը խառնվում է: Դրան գումարած այն փաստը, որ Կարեն Կարապետյանը նոր Սահմանադրության համաձայն՝ չի կարողանա 2018թ.-ին՝ նախագահի պաշտոնում Ս. Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո, դառնալ վարչապետ, քանի որ չի բավարարում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության ցենզին. համենայն դեպս, այդպես են ակնարկում ՀՀԿ-ականները: Ուստի չի բացառվում՝ Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պահից այս պայմանավորվածությունը չեղարկի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերին «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը չի բացառում, որ լիազորությունների ավարտից հետո դառնա վարչապետ: «Մենք 2017թ. ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»,- ասել էր նա։
Այսպիսով՝ Ծառուկյանի մուտքը խոչընդոտ է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՀԿ-ում դիրքավորվող Կարեն Կարապետյանի համար: Ու առաջիկայում դեռ շատ ուշագրավ իրադարձություններ են սպասվում:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի «ականջները» փորձում են տեսնել այս կամ այն դաշինքի հետեւում` սկսած Ծառուկյանից, վերջացրած Սեյրան Օհանյանով, ապա դաշտին տիրապետող անձինք վստահեցնում են, որ Քոչարյանը որեւէ գործընթացի մասնակից չէ. Ալպիական լեռնաշղթայի բարձունքներում դահուկ է քշում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա արդեն տեղեկացրել էինք, որ խիստ նախնական տեղեկություններով` այն գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սակայն ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանը չի մտնելու խորհրդարան, այլ ինքնաբացարկ է հայտնելու` շարունակելով պաշտոնավարումը որպես պաշտպանության նախարար: Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ Վ. Սարգսյանը, ըստ էության, չի հերքել ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու հավանականությունը: «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կուսակցությունից առաջ ընկնելով՝ համամասնական ցուցակ հրապարակի: Պահը կգա, եւ ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը, որում այս պահի դրությամբ որեւէ ինտրիգ չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն ունի մեկ երազանք՝ առաջիկա ընտրություններում ապահովվի այնպիսի արդյունք, որն իրեն թույլ կտա առաջիկա տարիներին եւս զբաղեցնել ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: «Պաշտպանության նախարարի աշխատանքը ես համարում եմ ամենահետաքրքիրը: Որքան էլ վարչապետը շատ ավելի մեծ պատասխանատվության պաշտոն է, բայց իմ խորին համոզմամբ՝ ՊՆ-ում պետք է երկար տարիների աշխատանք պլանավորել: Արագ հեռանալն ազնիվ չի լինի այս համակարգի նկատմամբ»,- ասել է նա:

 

 

 

ՀՎԿ-Ն ԽԱԲՈՒՄ Է
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում տարբեր մարզերի բնակիչներից այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության մարզային ղեկավարներն իրենց հորդորում են ավանդների վերադարձման հարցով դիմել կուսակցության տարածքային գրասենյակներ՝ խոստանալով, որ Արթուր Բաղդասարյանը կվերադարձնի այդ փողերը: Այլ կերպ ասած՝ Արթուր Բաղդասարյանի թիմակիցները խաբում են մարդկանց. նրանց մոլորության մեջ գցելով՝ համոզում են անդամակցել իրենց կուսակցությանը, համակիր դառնալ, իսկ ԱԺ ընտրություններում էլ ձայն տալ ՀՎԿ թեկնածուներին:
Իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանին, ով նշեց, որ ավանդների վերադարձման գործընթացը արդեն 2017 թվականին մոտենում է ավարտական փուլին, եւ քանի որ այս ընթացքում ոչ բոլոր ավանդատուներն են ստացել իրենց ներդրած ավանդները, կուսակցությունը նախաձեռնել է ավանդների վերադարձման գործընթացի երկրորդ փուլը:
«Մինչեւ այս պահը 40 մլն դոլարի ավանդի փոխհատուցում է տեղի ունեցել: Կան ժառանգներ, որոնք չեն կարողանում ավանդները ստանալ, որպեսզի մենք գույքագրենք նրանց ավանդները չստանալու խնդիրները, մենք հայտարարել ենք, որ քաղաքացիները իրենց պատճառները կարող են տեղեկացնել ՀՎԿ-ի մոտակա տարածքային գրասենյակներ: Սա խորհրդարանական ընտրությունների հետ ամենեւին էլ կապ չունի»,- շտապեց տեղեկացնել Առաքելյանը: Նկատենք, որ ավանդները վերադարձնողը ոչ թե Բաղդասարյանն է կամ նրա կուսակցությունը, այլ ՀՀ կառավարությունը պետական բյուջեի հաշվին:

 

 
ԱՌՎԱԿԸ՝ ԳԵՏԻՆ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե «…այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից, չորանում ու գնում են»: «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված, դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: Ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի բոլոր որոշումներն անվերապահորեն ընդունող, իսկ ընդդիմացողներին եւ չհասկացողներին «բամփելու» կոչ անող Աբրահամյանի այս ալեգորիկ պատասխանը բավականին հուզիչ է, մանավանդ որ, ինչպես հայտնի է, դեռ անտիկ փիլիսոփաների իմաստությունից է եկած՝ «նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել»:

 

 

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
«Այս պահին բանակցություններ են ընթանում որոշակի քաղաքական միավորումների հետ»: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ առայժմ չցանկանալով շատ փակագծեր բացել: «Ես չեմ թաքցնում, որ ինքս պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Գագիկ Ծառուկյանի հետ 2003-ից մենք ունենք նաեւ անձնական ջերմ հարաբերություններ եւ պարբերաբար հանդիպում ենք նաեւ այս ժամանակահատվածում»,- ասել է նա:

 

 

ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե եթե բոլորը որոշեն, ապա ընտրությունների օրը կտեղափոխվի, «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանն ասել է. «Նույնիսկ ամենապարզագույն հարցում իշխանությունները չեն կարողանում ճիշտ որոշում կայացնել»: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ճիշտ է, որ դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, Օսկանյանը պատասխանել է.«Եթե հստակեցումներ լինեն, ապա առաջինը դուք կիմանաք»: Օսկանյանը նաեւ ընդգծել է, թե այս ընթացքում անձամբ չի հանդիպել քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ:




Լրահոս