ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու այս 119 օրերին ավելի հաճախ աչքի է ընկել հայրենասիրական ճառեր արտասանելով, տեսլականներ շարադրելով ու մեծ հաշվով շոուներ կազմակերպելով՝ ազգ-բանակի կառուցում, հազարական դրամների պարտադիր դրամահավաք: Կարճ ասած՝ նա ամբողջովին զբաղված է սեփական PR-ով: Իսկ ահա կարեւորագույն խնդիրների լուծումները պարոն Սարգսյանը հմտորեն շրջանցում է:

Կուսումնասիրի 1
Հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Ավելի ուշ հրապարակվեց, որ ըստ նախնական տվյալների՝ զինվորը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել: Կատարվածից հետո պարզ դարձավ, որ ժամկետային զինծառայող Շ. Գալստյանը միակողմանի ծնողազուրկ էր, ուստի հարց է առաջանում, թե ինչպես կարող է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ՝ առաջնագիծ: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, մեկնաբանելով այս իրողությունը, ասաց, թե իրեն զեկուցած տվյալներով՝ զինծառայողի զորակոչի ընթացքում որեւէ կանոնի խախտում չի եղել: Նա չքննարկեց անգամ հարցը՝ գուցե իրեն ինչ-որ բան սխա՞լ են զեկուցել: Իսկ թե ինչպես է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ, նախարարը չկարողացավ ուղղակի պատասխան տալ՝ խոստանալով կրկին անձամբ ուսումնասիրել խնդիրը:

Կուսումնասիրի 2
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվանից ահազանգել է՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողներց շատերի անձնագրերում զորացրվելուց հետո չի նշվում պատերազմին մասնակցելու փաստը` կնիքը: Չի արվում, որպեսզի մեր սահմանը պաշտպանած զինվորները որոշակի արտոնություններից չօգտվեն: Իհարկե, ահազանգը չէինք հանրայնացրել` «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» հայտնի շահարկման պատճառով, բայց խնդիրը այդպես էլ չի լուծվել, եւ զինվորը բանակից հեռանում է անարդարության ու հիասթափության մեծ բեռով:
Երեկ օգտվելով պաշտպանության նախարարի ամփոփիչ ասուլիսի հնարավորությունից՝ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի կարգավորվում խնդիրը: «Մենք ստացել ենք այդ ահազանգը նախագահի հետ զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ թեժ գծով, զանգերի միջոցով, այժմ համակարգային ուսումնասիրություն է կատարվում»,- պատասխանեց նախարարը: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն պետք է տեւեն այդ ուսումնասիրությունները, եւ մի՞թե այդքան դժվար է այս տարրական հարցի լուծումը:

Ուսումնասիրությունից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց՝ Ձեր կուլիսային եւ հրապարակային հանդիպումների շարքից նկատելի է, որ օրվա մեջ բավականին ժամանակ եք տրամադրում կուսակցական աշխատանքին: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ արդյո՞ք ամիսներ անց չենք պարզի, որ ՊՆ-ում առկա են բազմաթիվ բացթողումներ, ինչպես պարզվեց նախորդ տարվա քառօրյա պատերազմի օրերին:
Նախարար Սարգսյանին ակնհայտորեն զայրացրեց հարցը, ու նա անցավ վիրավորանքների. «Գիտեք, շատ կարեւոր է երկխոսության մեջ, երբ ինձանից ազնվություն եք ակնկալում, փոխադարձ լինել, արհեստավարժ եւ կոռեկտ: Որովհետեւ Դուք անում եք պնդում, որը իրականությանը չի համապատասխանում, եւ դրա վրա կառուցում եք հարց: Այսինքն՝ ես զարմանում եմ, որ Դուք իմ գործունեության մեջ տեսել եք գերակշռում կուսակցության գործունեության: Այս 118 օրվա մեջ ես կուսակցության գործունեությամբ զբաղվել եմ կուսակցական համագումարի օրը` լինելով դահլիճում, որը ոչ աշխատանքային էր, եւ երեկոյան հինգշաբթի օրերը մասնակցելով կուսակցության նիստերին: Մնացած իմ աշխատանքը նվիրված է եղել պաշտպանության նախարարությանը»:

Քծնանքին սովոր
Նախարարը հավելեց, թե հարցն այդքան էլ լավ չհասկացավ, բայց ժամանակ չկորցրեց կսմիթել իրեն ոչ ցանկալի հարց ուղղած լրագրողին՝ մեղադրելով ոչ արհեստավարժ եւ ոչ կոռեկտ լինելու մեջ: Թերեւս լավ կլիներ, որ դասախոսի կեցվածքով ամբիոնի մոտ կանգնած նախարար Սարգսյանը վերջապես սովորեր առերեսվել իրականության հետ, որակումներ չտալ հնչած հարցերին եւ պատրաստ լինել լսելու նաեւ քննադատություն: Նա վաղուց դուրս է եկել քծնանքի միջավայրից, որտեղ տարիներ շարունակ աշխատել է: Հիմա նա երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն է, որտեղ չկան ու չպետք է լինեն յուրայիններ եւ օտարներ, լավ ու վատ հարցեր տվողներ:
Մեր խորին համոզմամբ՝ հունվարի 20-ին զորացրված զինծառայողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը առավել շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում: Ինչո՞ւ, որովհետեւ պատերազմից 9 ամիս է անցել, եւ այդ մտահոգությունները, եթե իրապես ազնիվ էին, պետք է առավել վաղ դրսեւորվեին նույն նախարարի կողմից:
Նախընտրական քարոզչություն էր նաեւ Հ1-ի եթերում ինքնագովազդով զբաղվելը, կուսակցական յուրայինների «գույքագրում» անելը եւ այլն: Մնացած հրապարակայինն ու կուլիսային գործունեությունը չթվարկենք` հայտնի ջրաղացին «թափ չհաղորդելու» պատճառով:
Իսկ թե բանակում ինչ թերություններ կան ու դեռ կհայտնաբերվեն Վ. Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ նոյեմբերի վերջից արված մեր ահազանգը, որ ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների անձնագրերի մեջ մասնակցի համապատասխան կնիքը չի դրվում, դեռ լուծված չէ: Ավելին՝ նախարարը երեկ խոստովանեց, որ դեռ ուսումնասիրում է խնդիրը: Մինչդեռ վաղուց այդ պարզագույն հարցը պետք է լուծված լիներ մեծ կազմակերպիչ Վիգեն Սարգսյանի կողմից:

 

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՏԱՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը չի գնում աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս դատավոր Դավիթ Բալայանին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Եվ այսպես՝ օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, որի անունը հարգելի պատճառներով չենք ներկայացնում, եւ հայտնել, որ իր մտերիմներից մեկի մասով հարուցված է եղել քրեական գործ, իսկ ավելի ուշ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն գործը նախագահող դատավոր է նշանակվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Քաղաքացու խոսքով՝ օրերս պետք է կայանար Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող դատական նիստերից մեկը, սակայն անհասկանալի պատճառով նիստը չի կայացել: Երբ փորձել է պարզաբանում ստանալ դատարանի ներկայացուցիչներից, տեղեկացրել են, թե դատավորը վատառողջ է, այդ իսկ պատճառով դատական նիստին չի կարող ներկայանալ, այն հետաձգվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ աշխատանքի չներկայացող դատավորին օրերս հրազենային վնասվածքով շտապ տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները, ըստ էության, հասցրել են դատարանի նախագահին օգնել եւ նրա մարմնի միջից դուրս հանել փամփուշտը:
Վարկածներ շրջանառվեցին, թե դատավորին հրազենային վնասվածք հասցրել են նրա մասնագիտական գործունեության պատճառով: Այսինքն` դատավորը մի գործով հրապարակել է դատավճիռ, ինչը չի գոհացրել դատական գործընթացին ներգրավված կողմերից մեկին եւ հանգեցրել է հաշվեհարդարի:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ քանի որ Դավիթ Բալայանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է եւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի փեսան, ուստի չի բացառվում, որ Դավիթ Բալայանին կրակել են՝ նրա հարազատներին ինչ-որ բան հասկացնելու համար:
Ի վերջո, ի՞նչն է եղել պատճառը: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի հետ` հասկանալու, թե ով կամ ինչու է կրակել նրա ոտքին:
Դատավոր Դավիթ Բալայանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, որ հրազենային վնասվածք ստացել է.
-Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս իմ ոտքին անզգուշությամբ կրակել եմ:
-Իսկ ինչո՞ւ էիք զենք վերցրել, որ անզգուշությամբ կրակեցիք: Ո՞ւմ էիք թիրախավորել, որ «Ձեզ կպավ»:
-Որսի էի գնացել, անզգուշություն եղավ, կրակեցի ոտքիս:
-Իսկ ո՞ւմն էր զենքը, Ձե՞զ է պատկանում:
-Որսորդական զենք էր:
-Օրինակա՞ն:
-Իհարկե, ես անօրինական զենքով որսի չեմ կարող գնալ:
-Հնարավո՞ր է` ինչ-որ բան թաքցնում եք:
-Ինչ կար, ասեցի՝ անզգուշություն:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ՊԻՂԾ ԳՈՐԾԱՐՔ
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: Դեռեւս 2015թ. բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը մի խումբ քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն էր իրականացրել: Նա կալանավայրում գտնվելով` արտոնյալ է եղել. կարողացել է հեռախոս ունենալ, զանգահարել այս կամ այն առարկան վաճառող քաղաքացուն, կեղծ գնորդ ներկայանալ, տարբեր ճանապարհներով վերցնել վաճառվող ապրանքն ու անհետանալ: ՀՀ արդարադատության նախարարությունը այդ դատապարտյալի հնարավոր գործողությունները կանխելու նպատակով նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեց «Արմավիր» ՔԿՀ: Բայց, պարզվում է, դատապարտյալների կողմից հափշտակությունների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ են հափշտակություններ կատարվել: Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս չպարզված անձը տարբեր վայրերում փակցված հայտարարություններից տեղեկացել է վաճառքի հանված բժշկական սարքավորման մասին եւ զանգահարելով այն վաճառողին՝ ներկայացել է ՀՀ ՊՆ շտաբի աշխատակից եւ ցանկություն է հայտնել գնել այն: Ու երբ վաճառողը ապրանքն ուղարկել է, որպեսզի նույն վարորդի միջոցով գումարը ստանա, վարորդն ու գնորդը անհետացել են: Չի բացառվում, որ կատարված հափշտակության հետեւում էլի կանգնած են դատապարտյալներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունվարի 26-ին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

 

 

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ
Հունաստանը կողմ է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ուղիղ երկխոսությանը եւ խոստանում է այդ գիծը անցկացնել ԵՄ-ում, բացի այդ՝ առաջարկում է ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ ստեղծել եւ բիզնես-ֆորում անցկացնել: Այս մասին երեկ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը Աթենքում բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԵՏՀ-ն Հունաստանում ԵՏՄ առաջին արտասահմանյան շնորհանդեսն է անցկացրել երկու տարի առաջ, այժմ Հունաստանում բանակցություններ են սկսվել ԵՏՀ ղեկավարության հետ: Աթենքում Տ. Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ԱԳ փոխնախարար Յորգոս Կատրուգալոսի եւ միջազգային տնտեսական կապերի հարցով Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասի հետ:




Լրահոս