«ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ ՍՏԱՆՁՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ձեւավորվեց Կարեն Կարապետյանի կառավարությունը, եւ նշանակվեցին մի քանի անկուսակցական նախարարներ, նրանք ի սկզբանե պնդում էին, թե մտադրություն չունեն անդամագրվել ՀՀԿ-ին: Սակայն այն բանից հետո, երբ նրանց անկուսակցական վերադասը՝ Կարեն Կարապետյանն ինքը, ի վերջո, կայացրեց ՀՀԿ-ին անդամագրվելու բարդ որոշումը, նախարարներն էլ մեկը մյուսի հետեւից կուսակցականացվեցին: Ընդ որում, որպես արդարացում նրանք երկրորդում էին վարչապետի պարզաբանումը, թե «Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ-ի կառավարությունը»: Կուսակցականացմանն առավել երկար «ընդդիմացած» նախարարը Արմեն Ամիրյանն էր, որն էլ, սակայն, նախօրեին նույն պատճառաբանությամբ համալրեց իշխող ուժի շարքերը:

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին հայտարարությունից հետո մի շարք նախարարներ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւս հայտարարեցին, որ պատրաստվում են անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Սակայն դեռեւս այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել: «Ես կարծում եմ, որ երկրի կառավարման նոր մոդելը ենթադրում է, որ ցանկացած նոր նախարար պետք է պատասխանատվություն կրի նաեւ կուսակցական առումով։ Որեւէ նախարար կուսակցության անդամ է դառնում սեփական կամքով, նրան ոչ թե առաջարկում են, ճնշում են կամ պարտադրում են, այլ մարդը դառնում է սեփական կամքով»,- նոյեմբերի 17-ին Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցական դառնա մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները, նախարարը պատասխանել էր. «Դրա մասին եմ ասում՝ դեռ ժամանակ ունեմ, որոշում պիտի կայացնեմ»։
Այդպիսով՝ մտածելու ժամանակն ավարտվեց, եւ նախօրեին Ամիրյանը հայտարարեց, որ անդամակցել է ՀՀԿ-ին: Ինչո՞ւ հիմա, եւ արդյո՞ք մշակույթի նախարարի պաշտոնը քաղաքականացնելու դեպքում չի քաղաքականացվի նաեւ մշակույթը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
-Պարո՛ն Ամիրյան, ամիսներ առաջ, երբ նոր էիք նշանակվել մշակույթի նախարարի պաշտոնում, եւ երբ Ձեր մի քանի նորանշանակ գործընկեր որոշում կայացրին անդամակցել ՀՀԿ-ին, լրագրողների հետ զրույցում Դուք նշեցիք, որ դեռ ժամանակ ունեք մտածելու՝ անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, թե ոչ: Նախօրեին հայտարարեցիք, որ արդեն որոշում կայացրել եք եւ անդամակցել եք ՀՀԿ-ին: Ինչո՞ւ հիմա կայացրիք այդ որոշումը:
-Ժամանակը եկավ:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ էիք այդքան երկար մտորում՝ անդամակցե՞լ, թե՞ ոչ:
-Մշակույթում խնդիրներն այնքան շատ էին, ժամանակ չկար ուղղակի, որ այդ ուղղությամբ մտածեի:
-Բայց, ի վերջո, ժամանակ գտաք…
-Առջեւում ընտրություններ են, ես պետք է քաղաքական պատասխանատվություն եւս ստանձնեմ:
-Շատերն են անդամագրվում այս կամ այն կուսակցությանը՝ որոշակի ակնկալիք ունենալով: Ի՞նչ կտա Ձեզ հանրապետական դառնալը:
-Հարցը ինչ-որ մի բան տալու մեջ չէ, պարզապես պետք է քաղաքական թիմով պատասխանատվություն կրել, մտածել գործընթացների վերաբերյալ:
-Պարո՛ն Ամիրյան, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ մշակույթի նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Չե՞ք կարծում, որ մշակույթի նախարարի պաշտոնը քաղաքականացնելու դեպքում կքաղաքականացվի նաեւ մշակույթը, ինչն անթույլատրելի է:
-Չեմ կարծում, որովհետեւ ինքս վստահ եմ, որ չի քաղաքականացվի:
-Իսկ Դուք ինչպես եք աջակցելու Հանրապետական կուսակցությանը հատկապես նախընտրական այս փուլում:
-Իմ գործունեությամբ:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

 
ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային Ժողովում պետք է ներկայացված լինեն նաեւ ազգային փոքրամասնությունները: Նշենք, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է ընդգրկված լինեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Այդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդի՝ 35.308, ռուս՝ 11.911, ասորի՝ 2.769, քուրդ՝ 2.162:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների 4 մանդատ բաշխվելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ: Օրենսգրքի համաձայն՝ ամենամեծ գործակից ունեցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ստանում է ազգային փոքրամասնության ներկայացուցչի մեկ մանդատ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ:
-Պարո՛ն Թամոյան, եզդիական համայնքը խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
-Իհարկե, այո՛: Դե, պարզ է, որ ազգային փոքրամասնություններից մի քանի հոգի պետք է առաջադրվեն կուսակցությունների ձեւաչափով: Բայց ես Ձեզ նշեմ, որ ինքս ՀՀԿ-ական եմ եւ, իհարկե, իմ ձայնը տալու եմ ՀՀԿ-ին:
-Պարո՛ն Թամոյան, Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Չէ՛, իմ տարիքը վաղուց անցել է: Առողջական վիճակս չի ներում. ճնշումս բարձրանում է: Երիտասարդներ կան, թող իրենք առաջադրվեն: Թող առաջադրվի այն եզդի երիտասարդը, ով որ եզդիների համայնքի համար աշխատանք է արել. միջոցառումներին, ազգային տոներին մասնակցել է: Նման մարդ պետք է առաջադրվի: Իսկ եթե առաջադրվի մի անձ, որը չի մասնակցել ազգային տոներին, չի օգնել եզդիներին, այլ նրանց վիրավորել է, ապա եզդիական համայնքը նրան ձայն չի տա: Պետք է լինի եզդի՝ հոգով, սրտով, որ կարողանա եզդիների կապերը ավելի ամրապնդել:
-Կա՞ն այդպիսիները:
-Առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Բայց տարբեր բաներ են խոսում. մեկն ասում է՝ ես այս կուսակցությունով եմ գնալու, մյուսը՝ մեկ այլ: Նման խոսակցություններ կան առայժմ: Սուտ չեմ ուզում խոսել, բայց դեռ հստակ չեն որոշել: Պետք է քննարկենք, թե ով է առաջադրվելու որ կուսակցությունով եւ որ տարածքում: Հիմա իրենք տարբեր ուղղություններով են մտածում: Դեռ չեն կողմնորոշվել:
-Եզդիական համայնքը խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ անցկացնո՞ւմ է:
-Դեռ չենք քննարկել: Ժամանակ կա: Դեռ շուտ է:
-Հայտնի՞ է, թե քանի՞սն են կամ ովքե՞ր են առաջադրելու իրենց թեկնածությունը:
-Դեռ հայտնի չէ, հենց որոշեցին առաջադրվել, այդ մասին կհայտարարվի: Բայց մտածում են: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ չառաջադրվեցին: Ինչո՞ւ ավելորդ օդի մեջ խոսենք: Այս պահի դրությամբ կոնկրետ բան չեմ կարող ասել: Բայց դեռ հարց է՝ կառաջադրվեն, թե ոչ: Անուններ չեմ կարող հայտնել, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով է դնելու, ով՝ ոչ:
-Պարո՛ն Թամոյան, իսկ առաջադրվող ցանկացողների ցանկում գյուղապետեր կա՞ն:
-Չգիտեմ, գուցե:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՄԻԱՅՆԱԿ, ԾԵՐ ԿԱՆԱՆՑ ԲՌՆԱՐԱՐԸ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, մեկնարկել է Իջեւան քաղաքի 29-ամյա բնակիչ Վազգեն Օնիկի Օհանյանի դատավարությունը: Նա 2016թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւան քաղաքի Տերյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղից գույք հափշտակելու նպատակով հարձակվել է այդ տան բնակչուհի, 69-ամյա Սուսան Վարդապետյանի վրա, ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ հասցնելով, կոկորդից բռնելով, սպանության սպառնալիքներ տալով՝ նրանից պահանջել է գումար եւ բջջային հեռախոս: Վ. Օհանյանը գումար գտնելու համար ստուգել է կնոջ անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից վերցրել այնտեղ առկա 260 դրամը եւ դիմել փախուստի:
Վ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով (Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով): Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ: Վ. Օհանյանը գտնվում է կալանքի տակ:
Ամուրի, նախկինում գողության համար դատված Վազգենը նույն դատավորի՝ Ռաֆիկ Մելքոնյանի կողմից նախկինում դատապարտվել է ծեր կնոջ նկատմամբ կատարած բռնաբարության փորձի համար: Վ. Օհանյանը 2011թ. հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք էր գործել Իջեւանի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, սպառնալով եւ բռնություն գործադրելով՝ տարեց կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել: Բարեբախտաբար բռնաբարություն կատարելուն խանգարել էր տարեց կնոջ թոռը, ով ժամկետային զինվորական ծառայությունից արձակուրդ գալով՝ այդ ժամանակ եկել էր տատին տեսության:
Նշենք, որ 4-ամյա կրթությամբ Վազգենը առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինվորական ծառայության չի զորակոչվել: Ամբուլատոր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վազգենը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, սակայն նրա մոտ առկա է սահմանային մտավոր հետամնացություն: 2012թ. հունիսի 4-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Վ. Օհանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Վերջին դեպքը նկատի առնելով՝ ակնհայտ է, որ կրած պատիժը նրան չի ուղղել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս