Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: «Ժողովուրդ»-ը տոնական այս առիթով զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ, ով 1990-94թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետեւ 5-րդ բրիգադի զորամիավորումներում: Նա նաեւ «Երկրապահ կամավորական միության» անդամ է: Պարոն Ամալյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է հայ զինվորի կերպարին` նկատելով, որ նա Նժդեհից չի խոսում, ոչ էլ Անդրանիկից, Մաշտոցից կամ Րաֆֆուց, բայց ավելի շատ գործ է անում, քան խոսողները: Հայ զինվորը, երգահանի խոսքով, հայրենասիրությունից, առհասարակ, չի խոսում, բայց ծառայում է հերոսաբար:
-Պարո՛ն Ամալյան, հայ զինվորի, հայոց բանակի մասին երգերի հեղինակ եք, կատարող: Իսկ հիմա այդ թեմայի շուրջ ստեղծագործո՞ւմ եք:
-Չէ՛, ես հիմա բանակի մասին երգ, առհասարակ, չեմ գրում: Ժամանակին, այո՛, գրել եմ, հայոց բանակին նվիրված քայլերգեր, այլ ստեղծագործություններ ունեմ, բայց հիմա արդեն ուրիշ բաների մասին եմ գրում: Իսկ բանակի մասին գրողներ կան, ես նրանցից մի քանիսի երգերն եմ կատարելու հունվարի 28-ին Օպերային թատրոնում կայանալիք հայոց բանակին նվիրված կառավարական համերգի ժամանակ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք գրում այդ թեմայով:
-Չգիտեմ, չեմ կարող ասել, ընդհանրապես, ես իմ երգի թեմաները նախօրոք չեմ որոշում: Բանակային թեմայով վերջին երգը, որ գրել եմ, նվիրված է Մոնթե Մելքոնյանին, ռոք ժանրի ստեղծագործություն է: Դա գրել էի Մոնթեին նվիրված ֆիլմի համար, որի ստեղծումն այդպես էլ ընթացք չստացավ, այդ գործը, սակայն, ընդգրկվեց իմ երգացանկում:
-Պարո՛ն Ամալյան, գիտենք, որ պարբերաբար այցելում եք Հայաստանի զորամասեր եւ քաջ ծանոթ եք մեր զինվորների առօրյային, գիտեք, թե ինչպիսին է նրանց հոգեվիճակը: Եթե բնութագրելու լինեք այսօրվա հայ զինվորին, ի՞նչ որակներ կառանձնացնեք:
-Ի դեպ, միայն ես չէ, որ այցելում եմ զորամասեր եւ ուրախ եմ, որ այդ միտումը դառնում է համատարած: Կարող եմ ասել, որ մեր սերունդն աճ է տվել: Մեր ժամանակ, երբ խմում էինք զոհված, սերունդ չտված տղերքի կենացը, ասում էինք. «Սերունդ չտված պտուղը հողին ավելի շատ սերմ է տալիս»: Փաստորեն, չէինք սխալվում: Այն ժամանակ այդ խոսքերը մեզ համար մխիթարանքի պես բան էին: Բայց այսօր դա իրականություն դարձավ: Մեր երեխեքը զոհված տղերքի գործի շարունակողն են, անսպասելի լավն են, իսկ գալիք սերունդն է՛լ ավելի լավն է լինելու: Մեր այսօրվա զինվորները ո՛չ Նժդեհից են խոսում, ո՛չ էլ Անդրանիկից, Մաշտոցից կամ Րաֆֆուց, բայց ավելի շատ գործ են անում, քան խոսողները: Նրանք հայրենասիրությունից չեն խոսում, բայց ծառայում են տղավարի, հերոսաբար: Նրանց համար կարեւորը մարդկային արժեքն է, իսկ հայրենասիրությունը շատ կեղծ կատեգորիա է: Բառն ինքը կեղծ է: Օրինակ` Չելենտանոն հայրենասիրական երգ երգած կա՞: Մեր շատ երգեր «Հայաստան»-ով են սկսվում, բայց դրանց մեջ Հայաստան չկա: Հիմա մեր զինվորներն է՛լ ավելի վճռական են, գործող: Թեեւ միշտ են այդպիսին եղել` սկսած Հայրենական մեծ պատերազմի տարիներից մինչեւ Արցախյան պատերազմ, մինչեւ Քառօրյա պատերազմ: Այդպիսին եւ ավելի լավն ենք լինելու միշտ:
Հավելենք, որ 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Մինիստրների խորհրդում ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»` այդ կերպ արձանագրելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԿԵՐՊԱՐՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»
Հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանը 2017թ-ի հետ մի շարք ծրագրեր է կապում: Նա նախ պատրաստվում է «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանին. «Հեռուստադիտողները նոր զարգացումների ականատես կլինեն: Քանի որ նախորդ եթերաշրջանի ավարտը բավական ինտրիգային էր, այս եթերաշրջանն է՛լ ավելի բուռն է լինելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Նա նաեւ պատմեց, որ դեռեւս նախորդ տարվանից գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու եւ հումորային հաղորդումներ վարելու առաջարկներ է ստացել. «Հաղորդավարությունը ինչ-որ առումով դերասանական աշխատանք է, համենայն դեպս, շատ հեռու չէ իմ ոլորտից: Ստացածս առաջարկների վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ դեռեւս չեմ հայտնի»,-ասաց Զառան:
Հարցին, թե կան արդյոք կերպարներ, որ կցանկանար մարմնավորել, բայց մինչեւ հիմա այդպես էլ չի ստացվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, շատ կցանկանայի ավելի լուրջ, դրամատիկ կերպարներով հանդես գալ, ուժերս փորձելու հնարավորություն ստանալ, բայց ռեժիսորները, չգիտես ինչու, ինձ միշտ տեսնում են հումորային կերպարներում»:
Մենք հարցրինք նաեւ` մտադիր է արդյոք Զառան կրկին հանդես գալ սթենդ-ափ շոուի ժանրում. «Հունվարի սկզբին ես, Հովհաննես Դավթյանն ու Վահագն Գրիգորյանը հանդես եկանք նմանատիպ նախագծով: Դա ակումբային ելույթ էր, փորձնական մի բան` հանդիսատեսի արձագանքը ստուգելու համար: Չգիտեմ` նախագիծը շարունակական կլինի, թե ոչ, համենայն դեպս, այդ ուղղությամբ մտածում ենք, փորձում ենք հումորների «պաշար» հավաքել եւ մեր նպատակը կյանքի կոչել»,-մեկնաբանեց դերասանուհին:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք Զառան հասցնում է գործնական կյանքը համատեղել ընտանեկանի հետ եւ արդյոք մտածում է երկրորդ երեխան ունենալու մասին. «Որդիս` Նոյը, արդեն մեծ է եւ գործնականն անձնականի հետ համատեղելն ավելի հեշտ է դարձել: Տղաս նույնիսկ ինձ հետ գալիս է աշխատանքի: Իսկ երկրորդ երեխայի մասին, այո՛, արդեն մտածում եմ, բայց ուզում եմ այնպես լինի, որ երկրորդ հղիությունս խաղաղ պայմաններում անցնի: Այլապես առաջին հղիությանս ընթացքում մինչեւ ծննդաբերելուս նախորդ օրն աշխատել եմ: Երկրորդ երեխայի ծնունդն ուշացավ, քանի որ չէի ցանկանում որդուս ժամանակից կտրել եւ տալ երկրորդ բալիկին»,-եզրափակեց դերասանուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՉԵՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ
Բրիտանացի հայտնի փոփ երաժիշտ Ջորջ Մայքլի ընտանիքի անդամները դեռեւս չեն հուղարկավորել դեկտեմբերի 25-ին մահացած աստղին: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ նրա դին չի հանվել դիահերձարանից. մասնագետները սպասում են թունագիտական փորձաքննության արդյունքներին՝ պարզելու համար՝ արդյոք երաժշտի մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է եղել:
Հիշեցնենք` Ջորջ Մայքլի մահից հետո միջազգային ԶԼՄ-ները գրեցին, որ կյանքի վերջին ամիսներին աստղը կախվածություն է ունեցել թմրանյութերից եւ ալկոհոլից:
Նշենք, որ Մայքլը կյանքից հեռացել է 53 տարեկանում, Սուրբ Ծննդի առավոտյան, Օքսֆորդշիրի իր առանձնատանը:
ԹՐԱՄՓ VS ՄԱԴՈՆՆԱ
Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ մի շարք աստղեր ակնհայտ հակակրանք են ցույց տալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ եւ հանդես են գալիս բողոքի ցույցերով: Փոփի թագուհի Մադոննան նույնիսկ նշել էր, որ սարսափելի կատաղության պատճառով պատրաստ է պայթեցնել Սպիտակ տունը: Թրամփը, անդրադառնալով Մադոննայի հայտարարությանը, աստղին «զզվելի» է անվանել: Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը մասնավորապես նշել է. «Անկեղծ ասած՝ նա զզվելի է: Կարծում եմ, որ նա շատ վատ վիճակում է: Ես մտածել եմ նրա եւ եւս մի քանի հոգու մասին ու հանգել այն եզրակացությանը, որ նա խայտառակում է մեր երկիրը»:
Մադոննան էլ, մեկնաբանելով իր հայտարարությունը, նշել էր, որ ինքն ամենեւին բռնության կոչ չի արել, եւ որ իր խոսքերն ուղղակի հանել են ընդհանուր համատեքստից:
ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին` երգչուհի Սելենա Գոմեսը, նոր ընկեր է գտել: E! News-ը հայտնում է, որ նա սիրավեպ ունի կանադացի երգիչ, երգահան եւ երաժշտական պրոդյուսեր The Weeknd-ի հետ: Զույգին տեսել են Լոս Անջելեսում French Montana-ի եւ Ջեյդեն Սմիթի ընկերակցությամբ։ Սիրահարները պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները, բայց երկու օր առաջ Instagram-ում բաժանորդագրվել են միմյանց: «The Weeknd-ը շատ է սիրում Սելենային, նրանք ամեն օր շփվում են։ Սիրավեպը շատ կրքոտ է։ Նրանք միմյանց դուր են գալիս ու դեռեւս վայելում են հարաբերությունները, չեն պլանավորում որեւէ բան»,-հայտնում են E! News-ի աղբյուրները։