ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԸ ՍՊԱՌՆԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սկսել է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նա հունվարի 28-ին Եռաբլուրում հայտարարել է. «Կոչ կանեի բոլորին, վերաբերում է նաեւ ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, հանգիստ, համեստ գնան ընտրության, որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ` որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ նրանց դեմ պայքարելու»: Ուշադրություն դարձրեք` ԼՂՀ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող Վ. Բալասանյանը սպառնում է հայաստանյան քաղաքական գործիչներին: Իհարկե, Արցախից նման միջամտություն էլի է եղել՝ 2008-ի մարտյան արյունալի օրերին, երբ 10 զոհի գնով ղարաբաղյան կլանի իշխանության շարունակականությունը ապահովվեց: Ու թվում էր, թե 10 զոհերի, մի քանի տասնյակ վիրավորների ու մի քանի հարյուր քաղբանտարկյալների գոյությունը սթափեցրել էր նրանց: Բայց ոչ: Այսօր, ըստ էության, Վ. Բալասանյանն իրեն հռչակել է Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավոր ու պահապան: Ընդ որում, նա այս դերում հանդես է գալիս արդեն 2-րդ անգամ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսյան արյունալի իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, Բալասանյանը, օգտագործելով իր բարի համբավը, միջնորդի դեր ստանձնեց` փորձելով թոթափել լարվածությունը: Բայց իրականում, փաստորեն, գերխնդիր էր դրել ամեն ինչ անել, որպեսզի խմբավորման անդամները վայր դնեն զենքերը, հանձնվեն, որի արդյունքում ինքը մեդալ ու պաշտոն ստացավ` մոռանալով իր նախկին մարտական ընկերներին, նրանց տված մեղմ պատժի ու արժանապատիվ բանտարկության խոստումները: Վ. Բալասանյանի այս արարքը շատ վտանգավոր է, նա իր գործողություններով փորձում է ապահովել ղարաբաղյան կլանի անվտանգությունը` սեպ խրելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ:
Ի դեպ, եթե Վ. Բալասանյանի այսօրվա տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, պետք է ասել, որ 2012թ. էլ հենց ինքն էր Արցախի ներքաղաքական կյանքում լարվածություն մտցնում` ԼՂՀ նախագահական ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր թեկնածու: Հետաքրքիր է՝ այն ժամանակ է՞լ էր այսպես մտածում, թե ԼՂՀ ԱԽՔ պաշտոնի ստանձնումից հետո փոխեց մտածելակերպը:

 

 
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար: Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին եւ որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաեւ Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Բայց գործընթացը դանդաղում է: Երեկ էլ ԲՀԿ-ից հեռացավ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նրանք բոլորը մտավախություն ունեն, որ «պետության դեմ պայքարում» չեն հաղթի:

 

 

 
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն օրերս խոստովանել է, որ գործող Սահմանադրության մեջ կան ներքին անհամապատասխանություններ: Պատասխանելով ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի պնդմանը, թե խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը, Դ. Հարությունյանն իր ձեւակերպումների մեջ նշել է. «Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության»: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունները միաբերան պնդում էին, թե իրենց ներկայացրած Սահմանադրությունն ընդունելուց հետո Հայաստանում կլուծվեն քաղաքական բոլոր խնդիրները: Այնինչ՝ առաջին իսկ կարեւոր խնդրին բախվելով՝ պարզ դարձավ` մայր օրենքն ունի անհամապատասխանություններ: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ իշխող կուսակցությունը արդեն սկսել է ակտիվորեն նախապատրաստվել կեղծիքներին: Մասնավորապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող պոտենցիալ թեկնածուներն ու նրանց թիմերի ներկայացուցիչները սկսել են մարդկանց տուն այցելել` ՀՀԿ-ական թեկնածուների օգտին քվեարկելու դեպքում խոստանալով գումար տալ: Նշենք, որ ապագա ընտրակաշառքների գները հասնելու են ընդհուպ մինչեւ 100 ԱՄՆ դոլարի: Բայց որպեսզի ՀՀԿ-ականները վստահ լինեն, որ իրենց են ընտրել, տրված գումարը չի կորել, իրենց շտաբի անդամներին հրահանգել են ցուցակագրված մարդկանց բացատրել, որ քվեարկության օրը պետք է ընտրական տեղամասերից իրենց հետ դուրս հանեն մնացած, չքվեարկված քվեաթերթիկների խուրձը: Իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով ասաց. «Երբ որ հստակություն կլինի, որ այդ քաղաքացիները կասեն՝ իրենց ովքեր են ասել, որ պետք է հանեք, այն ժամանակ կփորձենք պարզաբանել»: Նա նաեւ պնդել է. «Այդ մեխանիզմը, որը դուք փորձում եք քննարկման առարկա դարձնել, չաշխատող մեխանիզմ է վերահսկողության առումով, եւ կարծում եմ՝ այստեղ որեւէ խնդիր չկա»:

 

 

 
ԽՂՃՈՒԿ ՎԻՃԱԿ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ շատ է խոսվում այն մասին, որ նոր Սահմանադրությամբ հաստատված կառավարման համակարգում շեշտակիորեն մեծանալու է քաղաքական կուսակցությունների դերն ու նշանակությունը: Սակայն նախընտրական այս փուլում առայժմ ընթանում է քաղաքական ուժերի ֆիզիակական մեծացման գործընթաց: Այս օրերին մենք ականատես ենք լինում տարբեր դաշինքների ձեւավորման, բանակցություններ են ընթանում դաշինքային միավորումների շուրջ, սակայն որ ուշագրավ է, այդ գործընթացներում զրոյական նշանակություն է տրվում գաղափարական ընդհանուր հենքի գոնե ֆորմալ ապահովմանը:
Այնինչ՝ քաղաքական կուսակցությունը ընդհանրական գաղափարախոսության հետեւորդ մարդկանց խումբ է, որոնք ձգտում են իշխանության՝ այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Մեզանում սակայն տեսանելի է ընդամենը իշխանության ձգտումը, իսկ թե այս կամ այն ուժը ինչ խնդիր է լուծելու, երկիրը դեպի ուր է տանելու՝ գալով իշխանության, բացառությամբ մեկ-երկու ուժերի, մնացածը ոչինչ չեն ասում:
Մասնավորապես առ այսօր հայտնի չէ, թե քաղաքական ակտիվ դերակատարման հավակնող անձերի շուրջ ձեւավորված դաշինքները ինչպես են տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կամ արդյո՞ք անհրաժեշտ են համարում Եվրամիության հետ համագործակցության խորացումը: Էլ չասած այն մասին, որ այդ դաշինքներում «հավաքագրվել» է քաղաքական ամենատարբեր եւ միմյանց հակասող հայացքներ ունեցող այնպիսի «աստղաբույլ», որ որեւէ ընդհանրական մոտեցման ձեւավորում, ըստ էության, անհնար է:
Օրինակ՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցում ինչպիսի ընդհանրական մոտեցում կարող են ունենալ տարիներ շարունակ հակառուսական դիրքորոշմամբ աչքի ընկած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ իր ընդգծված պրոռուսական դիրքորոշմամբ հայտնի Դեմկուսի ղեկավար Արամ Գ. Սարգսյանը: Միթե խորհրդարանական մանդատի գինն այնքան մեծ է, որ կարելի է զոհաբերել տարիներով ձեւավորված քիչ թե շատ գաղափարական գործչի քաղաքական կապիտալը:
Քաղաքական կոնկրետ դերակատարին նվիրված իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մինչդեռ այն, ինչ այսօր կատարվում է մեր քաղաքական դաշտում, շատերին հենց կրկես է հիշեցնում: Օրինակ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախօրեին հայտարարեց, որ չի մասնակցելու «ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը»:
«Գետեր, առվակներ» եւ այլաբանական այլ ձեւակերպումներով միմյանց հետ հրապարակավ հարաբերություններ պարզող քաղաքական երբեմնի համախոհները հավանաբար չեն էլ նկատում, թե, Սերժ Սարգսյանի բառապաշարով ասած, որքան «խղճուկ» է այդ պալեմիկան՝ հիմնված ընդամենը անձնական «աբիժնիկության» վրա:




Լրահոս