Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ կազմում է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար, որից 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։ Ստացվում է, որ տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով /342.5 մլն դոլարով/:
2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում փորձում էր արդարացնել պետական պարտքի աճը՝ նշելով. «Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ. մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- հավաստիացրեց Սարգսյանը: Սակայն ինչպես հայտնի է՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը դեռ կառուցվում է, ու նույնիսկ հայտնի էլ չէ, թե երբ, ի վերջո, այն կավարտվի։ Նույն ելույթի մեջ Սարգսյանը հպարտորեն վստահեցնում էր. «Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»։ Այլ կերպ ասած՝ նա փաստորեն խոստովանեց, որ պետական բյուջեում գումար չի եղել՝ նախատեսված ծախսերը հոգալու համար, եւ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ գումարները հայթայթել է՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելով եւ պետական պարտատոմսեր թողարկելով: Ստացվում է, որ ՀՀ-ն ապրում է պարտքով:
Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու գոյատեւել՝ աչքներս այս կամ այն միջազգային կառույցի փողերին. այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, ամսեամիս շարունակում է աճել Հայաստանի պետական պարտքը: Մինչեւ ե՞րբ եւ ու՞ր ենք շարունակելու այսպես:
-Պետական պարտքի աճը վտանգավոր չէ, եթե դա գտնվում է կառավարելիության սահմաններում: Տնտեսագիտական զարգացման թեզն էլ է ասում՝ եթե դու ունես կապիտալի կարիք, բնականաբար, այդ կապիտալի կարիքը պետք է համալրես արտաքին փոխատվությունների միջոցով, որպեսզի կարողանաս կատարել ներդրումներ այնպիսի տեղերում, որտեղ մասնավորը չի կարող: Դա հիմնականում ենթակառուցվածքներում է լինում, մասնավորը երբեք ճանապարհ չի սարքելու, պետությունն է դա սարքելու: Վտանգավոր է այն, երբ պետությունն անհեթեթ քաղաքականություն է տանում, երբ պարտքը վերցնում է, եւ դա դուրս է գալիս կառավարելիության սահմաններից:
-Անցած երեք տարիներին ՀՀ պետական բյուջեն թերակատարվել է. կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվել հավաքագրել նախատեսված եկամուտները…
-Մենք այդ սցենարով չենք մտել 2017 թվական:
-2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում հավաստիացրեց, որ այլեւս անցյալ է դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը:
-Պարոն նախագահի ասածն այլ կերպ պետք է ընդունել. դա այն է, որ մեր տնտեսական աճի ներուժը պետք է տեղափոխվի վարկային մոտեցումից դեպի ուղղակի մասնավոր ներդրումներ:
-Այս կառավարությունը հայտարարում է, որ ակտիվորեն աշխատում է Հայաստանում ներդրումների ծավալներն ավելացնելու եւ այդ կերպ տնտեսության բարելավմանը նպաստելու համար: Դուք, որպես ՀՀ ֆինանսների նախարար, վստա՞հ եք, որ այս տարի ներդրումների նկատելի աճ կունենանք:
-Այո՛, իհարկե:
ՄԻՆՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐՆ Է ԼՈՒԾՈՒՄ
Դեռեւս հոկտեմբերի 24-ին տարածած իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը։ Կոնգրեսը նաեւ հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ պատրաստ է համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը»:
Այդ հայտարարությունից անցել է ավելի քան երեք ամիս, իսկ խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե երկու ամիս, բայց դեռ ՀԱԿ-ը որեւէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել որեւէ ուժի հետ համագործակցելու կամ, ընդհանրապես, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին: Ասել է թե՝ երբեմնի բարձրագոչ հայտարարություններով հանդես եկող եւ իր լայն հնարավորությունների մասին խոսող կուսակցությունը խորհրդավոր կամ պարտադրված լռություն է պահպանում: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ լռությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի լռության հիմնական պատճառը մեկն է. կուսակցության բոլոր փորձերը՝ այս կամ այն ուժի հետ դաշինք կազմելու, ապարդյուն են անցնում: Ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում գործընկերային հարաբերություններ ունենալ ՀԱԿ-ի հետ, եւ գլխավոր պատճառաբանությունը կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 17-ին ՀԱԿ երկրորդ համագումարի ժամանակ հնչեցրած ելույթն է, որտեղ ՀՀ առաջին նախագահը, ըստ էության, իր աջակցությունը հայտնեց ԼՂ խնդրի կարգավորման հարցին՝ հայտարարելով. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:
ՀԱԿ-ը այս շրջանում հեռու է մնում անգամ լրատվամիջոցների հետ շփումից՝ պատճառաբանելով, որ դեռեւս իրենք էլ չեն կողմնորոշվել, ասելիք չունեն:
Նկատենք, որ այսպիսի անելանելի իրավիճակում է հայտնվել քաղաքական այն ուժը, որը դեռեւս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին հավաքելով 106 հազար 901 քվե՝ զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը: Թե ինչու է այս պատկերը, թերեւս ՀԱԿ վերնախավը պետք է ինքն իրեն հարցադրում անի ու պատասխանի, որ քաղաքական ու մարդկային մեծ ամբիցիաները տապալեցին երբեմնի հզոր համաժողովրդական շարժման հենքի վրա կառուցված քաղաքական միավորը՝ հասցնելով զրոյական ռեսուրսներ ունեցող ինչ-որ միավորի: Ու հիմա ՀԱԿ-ի միակ հույսը էլի մնացել է ՀՀԿ-ն, որի հետ երկխոսության գնալով՝ էլի ստվար թվով համակիրներ կորցրեց:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Սարգսյանն արդեն մարզերում հանձնարարել է, որ մարզպետները տարածքներում շտաբներ բացելու հարցում աջակցեն ՀԱԿ-ին, ընտրությունների ընթացքում եւս աջակցություն ցուցաբերեն, որպեսզի առաջին նախագահի ղեկավարած կուսակցությունը կարողանա հաղթահարել 5 տոկոսի անցողիկ շեմը: ՀԱԿ-ը, սակայն, հերքել է այս լուրերը` անվանելով աբսուրդ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀԱԿ-ի «ռեյտինգային» փոքրաթիվ թեկնածուները իրենց համակիրներին վստահեցնում են, թե Սերժ Սարգսյանն իրենց կողքին է, եւ իրենք հաղթահարելու են անհրաժեշտ 5 տոկոսի շեմը՝ ԱԺ-ում ունենալով մի քանի պատգամավոր:
Ի դեպ, հատկանշական է, որ պալատական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւս երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն ու ՀԱԿ-ը կկարողանան հաղթահարել 5 տոկոս արգելանքը:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԲՀԿ-Ի ՕԳՏԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի օր է, ինչ Արտաշատի քաղաքապետ, անկուսակցական Արգամ Աբրահամյանը հանդիպումներ է ունենում մարզի գյուղապետերի հետ: Թեման ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Բնականաբար, գյուղապետերի հետ հանդիպումները կրում են ոչ պաշտոնական բնույթ: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ, այլեւս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, գյուղապետերին «հորդորում է» ակտիվ լինել ընտրական գործընթացներում եւ աշխատել «Ծառուկյան» դաշինքի օգտին: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ: Սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց, որ նման տեղեկություններ չկան:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞Ր
Թեեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե երկու ամիս, բայց «Ժառանգություն» կուսակցությանն այդպես էլ չի հաջողվում մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ: Ավելին՝ «Ժառանգությունը» պետք է երեկ վարչության նիստ գումարեր, սակայն այն հետաձգվել է: «Այդպես որոշեցինք, հետաձգեցինք: Նիստ անելու անհրաժեշտությունը վերացել էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մեր դիտարկմանը, որ ընտրություններին քիչ է մնացել, մինչեւ երբ են այսպես շարունակելու, Մարտիրոսյանը նշեց. «Ես հույս ունեմ, որ ժամկետի մեջ կտեղավորվենք»: Այնուամենայնիվ, Մարտիրոսյանի խոսքով՝ կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու հարց չի քննարկում: Հիշեցնենք, որ «Ժառանգության» վարչության վերջին նիստը, որ տեղի էր ունեցել հունվարի 19-ին, վարչության անդամների թեժ վիճաբանության պատճառով կեսից ընդհատվել էր:
ՉԱՐՉՐԿՎԱԾ ԹԵՄԱ
Կառավարությունը մերժել է Վանաձորի ավագանու` «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների դիմումը, որով նրանք պահանջում էին ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ երեք ամիս անընդմեջ նիստ չգումարելու պատճառով դադարեցնել ավագանու լիազորությունները: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ եկավ այն բանից հետո, երբ Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները հայտարարեցին բոյկոտի մասին, ու հիմա իշխանություններին չի հաջողվում քվորում ապահովել, որպեսզի նիստ անցկացվի: «Ես զբաղված եմ իմ սովորական գործառույթներով: Այդ թեման այնքան է չարչրկվել, որ դարձել է անեկդոտ: Մարդիկ օրը մի բան են մտածում, որ գրեն, իրենց վրա ուշադրություն դարձնեն: Ինձ վրա կարող է ազդել միայն օրենք, ուրիշ ո՛չ մի մարդ, ո՛չ մի ելք, մարդկանց խումբ, ո՛չ մի խմբակցություն չի կարող ազդել, բացի օրենքից: Հիմա ես իմ ամենօրյա քաղաքապետի գործառույթներով եմ զբաղվում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: