ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՄԻԱՅՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ, «ՓՈՂ ԲԱԺԱՆԵԼ» ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր տարերքի մեջ է. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նրանք կրկին գործի են դրել իրենց «հին ու բարի» մեթոդները` պոպուլիզմն ու երեսպաշտությունը` այդպես փորձելով ազդել հիմնականում լյումպեն խավի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»-ը /նախկին ՕԵԿ/ որոշել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեխ դարձնել բացառապես սոցիալական բնույթի հարցերը:
Մասնավորապես ՀՎԿ-ն իր՝ արդեն իսկ սկսած քարոզարշավը տանում է` լալահառաչ ելույթներ ունենալով օրեցօր խորացող աղքատության, աճող գործազրկության, արտագաղթի, գյուղացիների վարկերի եւ, ընդհանրապես, մարդկանց նկատմամբ բանկային տեռորի, փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված անբարենպաստ պայմանների մասին: Սրանք, թերեւս, այն հարցերն են, որոնց այսօր առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք, եւ ՀՎԿ-ում հույս ունեն, որ անընդհատ այս թեմայով խոսելով՝ կկարողանան շահել մարդկանց համակրանքը: Բնականաբար, այդ ամենի մասին խոսելիս նրանք քննադատելու են իշխանություններին, բայց քննադատելու են անհասցե` առանց կոնկրետացնելու այդ երեւույթների մեղավորներին ու պատասխանատուներին: Փոխարենը «Հայկական վերածնունդի» թեկնածուներին հրահանգված է շրջանցել քաղաքական հարցադրումները եւ, «ոջիլի մասին» հայտնի անեկդոտի նման, թեմաները բերել, հասցնել սոցիալական վիճակի մասին խոսակցությունների:
Եւ, վերջապես, «Հայկական վերածնունդի» քարոզարշավի հիմնական մեխերից է լինելու ԽՍՀՄ ավանդների վերադարձի հարցը, առավել եւս, որ ուղղությամբ նրանք վաղուց են սկսել քայլեր անելը. տեւական ժամանակ է` «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցները հայտարարություն են տարածում ԽՍՀՄ ավանդները չստացած քաղաքացիների հաշվառման եւ ավանդների վերադարձման երկրորդ փուլ նախաձեռնելու մասին` առաջարկելով գրանցվելու համար դիմել կուսակցության գրասենյակներ: Դե, կուսակցության գրասենյակում էլ մարդկանց ցուցակագրում են, եթե կարողանում են համոզել, ապա անդամագրում ՀՎԿ շարքերը եւ, որ ամենակարեւորն է, համոզում են ընտրել իրենց` խոստանալով ավանդները վերադարձնել մեկ ռուբլին մեկ դոլարի հարաբերակցությամբ: Քիչ թե շատ գրագետ մարդու համար պարզ է, որ մարդկանց ավանդները վերադարձնողը ՀՎԿ-ն չէ, ոչ էլ գումարները տրվելու են Արթուր Բաղդասարյանի գրպանից, այլ այդ հարցը կանոնակարգված է օրենսդրությամբ, այն կառավարության իրավասության շրջանակներում է, իսկ ֆինանսական միջոցներն էլ հատկացվելու են պետական բյուջեից, ու ոչ բոլորին կհասնի հերթը: Բայց Արթուր Բաղդասարյանի հույսը շարքային քաղաքացիների ցածր իրավագիտակցությունն է, առավել եւս, երբ հեռավոր մարզերում դեռեւս կան նման կեղծ խոստումներին հավատացողներ:
Տեղի ունեցածը, համաձայնեք, ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի, սեփական ընտրողի նկատմամբ ծաղր, երբ օգտվելով մարդկանց ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից՝ ուղղակի խաբում են:
«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանին` հարցնելով, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ իրենց քարոզարշավը պոպուլիզմի շրջանակներում է լինելու` սոցիալական հարցերի շուրջ: «Մեր քաղաքական ուժի պլատֆորմը միշտ էլ սոցիալականն է եղել: Ես կթվարկեմ մի քանի սոցիալական ծրագրեր, հենց մեր գործունեության, մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքի մասին: Դրանք երբեւէ չեն եղել պոպուլիստական ու դրանք այսօր կիրառվում են, ու հնարավոր է՝ մարդիկ չարակամորեն անվանում են պոպուլիստական: Ձեր կողմից նշված ավանդների հարցը հենց մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքում է, որ այսօր շուրջ 40 մլն դոլարի ավանդների փոխհատուցում է եղել: Դա պոպուլիստակա՞ն է: Այսօր, երբ երրորդ-չորրորդ երեխայի համար պետության կողմից տրամադրվում են միանվագ օգնություն: Դա պոպուլիստակա՞ն է: Երբ մեր երկրում չեն սեփականաշնորհվում մանկապարտեզները, դպրոցները, մշակույթի օջախների շենքերը, դա էլի մեր օրենսդրական նախաձեռնության արդյունքում է: Դա պոպուլիստակա՞ն է, թե՞ ոչ: Այնպես որ, մեր առաջիկա ընտրություններին ներկայացնելու ենք բավականին հետաքրքիր տնտեսական-սոցիալական ծրագիր, որի վրա աշխատել են լուրջ մարդիկ, եւ որը հնարավոր կլինի կյանքի կոչել մեր հաջողության դեպքում եւ որը բավականին իրատեսական է եւ լուրջ ծրագիր»:
Ի դեպ, քանի որ սոցիալական հարցերը միշտ էլ ընտրություններում եղել են արդյունավետ թիրախ, կամ, այսպես ասած, «ձայն բերող», ուստի իշխող ՀՀԿ-ն հրահանգել է հատկապես ուժային կառույցներին ուշի ուշով հետեւել ՀՎԿ-ի գործողություններին, եւ երբ նկատեն «փող բաժանելու» տեղաշարժ, հավաքեն բոլորին: Այս քայլով ՀՀԿ-ն, թերեւս, փորձում է Բաղդասարյանի ախորժակը զսպել՝ թողնելով հավաքի այնքան ձայն, որքան որ պայմանավորվել են: Այսինքն՝ հազիվ անցողիկ եւ ոչ ավել, քանի որ «տեղերը սահմանափակ են»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏՆ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ
Երեկ երեկոյան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աբրահամյանը տեղեկացրել է. «Իմ դիմումը ես այսօր առավոտյան կներկայացնեմ վարչապետին»: Իսկ պատճառների մասին Ռուբիկ Աբրահամյանը խոստացավ խոսել ավելի ուշ: Շրջանառվող լուրերի համաձայն` նրան մոտ օրերս կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում էլ այս մարզի ղեկավարն է եղել: Այսպիսով՝ Արարատի մարզը ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանի «տիրապետությունից» ազատելու գործընթացը շարունակվում է: Նախորդ շաբաթ էլ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Աբրահամյանի եղբորորդին` Արմավիրի արդեն նախկին ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը:

 

 

 

ԼԻՍԿԱՅԱԹԱՓ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբայրը` Սասուն Խաչատրյանը, օրերս դուրս է եկել ՀՀԿ Գորիսի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից: Հիշեցնենք, որ անձամբ Սուրիկ Խաչատրյանն էլ թողել էր ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը՝ չնայած հայտարարելով, որ ինքը ՀՀԿ-ն լքողների մեջ կլինի վերջինը: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ երեկ էլ աշխատանքից ազատվել է «Գորիսի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը` նախկին մարզպետի հորեղբոր թոռը: Պատճառը ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից հայտնաբերված չարաշահումներն են եղել: Բայց Սյունիքում հակված են կարծելու, որ ներկայիս մարզպետը փորձում է հեռացնել իր նախորդի կադրերին:

 

 

ԽՍՏԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում, որտեղ պահվում է Ժ. Սէֆիլյանը, ավելացրել են տեսախցիկների թիվը: Դեռ ավելին՝ ՔԿՀ ղեկավարությունը Ժիրայր Սէֆիլյանի խցի շուրջ հսկողությունը ավելի ուժեղացրել է: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ ՔԿՀ-ում մյուս կալանավորների եւ դատապարտյալների նկատմամբ հսկողությունն այդքան ուժեղ չէ:

 

 

ԽԱԽՏՈՒՄՈՎ
Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով բենզին է գնել, սակայն այդ գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման պետական կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԿԳՆ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները: Այն է՝ բենզինի գնման գործընթացը չի կազմակերպվել միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով: Բացի այս՝ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել նրանց միջեւ մրցակցությունը խրախուսելու նպատակով:

 

 
ԿՐԿԵՍԻՑ ՀԵՌՈՒ
«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը որոշել է չմասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ ջա՛ն, ես որոշել եմ ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը չմասնակցել… Միանգամից նշեմ, որ ոչ մի քաղաքական ուժի հետ ես որեւէ բանակցություն չեմ վարել դաշինքներ կազմելու մասին…»,-ընդգծել է նա:

 

 

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: Վերջինս որպես պատճառ ներկայացրել է այլ աշխատանքի առաջարկություն ստանալը: ArmLur.am-ի տեղեկություններով` Նելսոն Զուլոյանը մնալու է առողջապահության ոլորտում` թերեւս նշանակվելով ավելի բարձր պաշտոնում:

 

 

ՎԱԽԵՑՐԻՆ
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե նպատակ չունի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլ կզբաղվի իր «Երդվյալ ազատամարտիկների միության» գործերով: «ԲՀԿ-ի պատերն իմը չեն: Գագիկ Ծառուկյանի վերադարձը բացարձակ կապ չունի, ես ինքս ողջունել եմ նրա վերադարձը»,- նշեց նա: Ռուբեն Գեւորգյանը չի բացառում, որ քաղաքական գործունեությունը շարունակելու դեպքում կարող է լինել ՀՀԿ-ի հետ: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- հավելեց նա: Փաստորեն 10 տարի պետք եղավ Ռուբեն Գեւորգյանին՝ հասկանալու համար, որ պետք է կրկին վերադառնա ՀՀԿ: Թեեւ հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ Գեւորգյանը իրականում վախեցել է ենթարկվել պետական ապարատի կողմից սպասվող հալածանքներին:

 

 

ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Հունվարի 29-ին եւ լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: ԼՂԸ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:




Լրահոս