«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրային ճանաչում ունեցող անձանց, նրանց կյանքում հանդիպող խոչընդոտներին, պարզում ենք, թե հայտնի դառնալուց հետո այդ մարդկանց առջեւ ինչ դռներ են բացվել եւ հակառակը: Մեր այսօրվա զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանն է:
«Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում»
1991-1992 թվականներն էին, երբ երգեցի «Այո» հեռուստաշոուի շրջանակում եւ դրանից հետո զգացի, որ արդեն հանրության լայն շերտերը ճանաչում են ինձ: Հետո արդեն ինձ ավելի մեծ ճանաչում բերեց ժողովրդական երգը: Այդ ժամանակահատվածում, անկեղծ ասած, հայտնի լինել-չլինելու մասին մտածելու ժամանակ էլ չունեի. անընդհատ գործի մեջ էի եւ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում շուրջս: Հայտնի լինելու զգացումն, իհարկե, հաճելի էր, բայց ես դրանով չէի տարվել: Գիտեի, որ դրա համար չէի բեմ բարձրացել. ուղղակի առանց բեմի ապրել չէի կարող: Հիմա, որպես հանրային անձ, իմ կյանքում ավելի հանգիստ ժամանակահատված է, եւ ես վայելում եմ այդ հանգստությունը:
«Քիչ է պատահում, որ ուզում եմ «թաքնված» լինել»
Իհարկե, հայտնի լինելը շատ դժվարություններ է բերում, բայց ես սիրում եմ իմ գործը, այդ պատճառով էլ ընտրել եմ այս ուղին: Սուտ կլինի, եթե ասեմ, որ հանրային լինելը տհաճ է ինձ համար, հոգնել եմ դրանից, դա խանգարում է ինձ եւ այլն: Ես սիրում եմ իմ գործի բոլոր կողմերը: Շատ քիչ է պատահում, որ ուզում եմ «թաքնված» լինել: Հատկապես հաճելի է, երբ շատ մեծ քաղաքում, օրինակ` Նյու Յորքում, քայլում եմ, մեկ էլ մեկը վազում է դեպի ինձ: Սկզբում մտածում եմ, որ շփոթել է ինչ-որ մեկի հետ, բայց հետո հասկանում եմ, որ մոտեցողը հայ է, եւ նա ճանաչել է ինձ:
«Հաջողակ աստղի տակ եմ ծնվել»
Բոլոր կին արտիստների մասին էլ խոսակցություններ են շրջանառվում, քննարկվում է այն հարցը, թե ինչպես են նրանք դարձել հայտնի: Եթե նույնիսկ համարենք, որ նրանց հայտնի դարձրել են, վերջիվերջո, պետք է հանգենք այն մտքին, որ այն, ինչ նրանց տրվել է, պետք է պահել, չէ՞: Իսկ դրա համար տաղանդ է հարկավոր: Կարծում եմ` Աստված տվել է ինձ տաղանդ, որն ինձնից խլել չեն կարող: Բացի այդ` ես հաջողակ աստղի տակ եմ ծնվել: Գիտեք` շատ լավ երգիչներ կան, բայց քչերին է հաջողվում վայելել ժողովրդի սերը: Ես այդ առումով գոհ եմ առաջինը հենց իմ ժողովրդից, որն ինձ ընդունեց եւ կողքիս է առ այսօր:
«Ինտրիգ, պրովոկացիա. սովորական երեւույթներ են»
Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի: Երբ պետք է եղել՝ ես եւս այս կամ այն հարցի շուրջ հայտնել եմ իմ կարծիքը: Թե երբեմն ինչեր են եղել հետո, սովորական երեւույթներ են ինձ համար` ինտրիգ, պրովոկացիա եւ այլն: Համենայն դեպս, իմ բոլոր ասածների համար ես միշտ պատասխանատու եմ: Ինձ թվում է` այսքան ժամանակ որեւէ վատ արտահայտություն չեմ արել:
«Ճանաչելով ինձ` 180 աստիճանով փոխում են կարծիքը»
Երբ ինձ չճանաչողները շփվում են հետս, 180 աստիճանով փոխում են իրենց կարծիքն իմ մասին: Իսկ երբ չեն ճանաչում, հաճախ ուրիշ բաներ են մտածում… Մարդուն քննադատելուց, որեւէ բան խոսելուց առաջ նախ պետք է ճանաչել նրան:
«Ինչո՞ւ թաքցնել ընտանիքի անդամներին»
Այն հանրային անձանցից չեմ, որոնք իրենց ընտանիքի անդամներին թաքցնում են մարդկանցից: Կարծում եմ` պաշտպանելու բան չկա: Եթե ես հանրային եմ, ուրեմն պետք է իմ երեխաներին էլ ճանաչեն, տեսնեն, շփվեն նրանց հետ: Ինչո՞ւ թաքցնեմ:
«Սարսափելի է նույնիսկ մտածելը»
Երբեք չի եղել այնպես, որ ցանկանամ թողնել ոլորտը: Նույնիսկ այդ մասին մտածելը սարսափելի է ինձ համար:
2 ՏԱՐԻ Է` ՍՊԱՍՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում նոր ներկայացում է բեմադրում: Պիեսի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն է, հենց նա էլ Գագիկին հրավիրել է թատրոն: Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը, հավանաբար, փետրվարի վերջին կհանձնեն հանդիսատեսի դատին:
«Առաջին անգամ է, որ թատրոնում բեմադրություն եմ անում: Կարծում եմ` 17-18 տարվա բեմական փորձս, սցենարիստի, ռեժիսորի մասնագիտությունս կօգնեն ինձ լավ արդյունք ունենալ: Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Արծրուն Չոբանյանը, Անի Խաչիկյանը, Գեորգի Հովակիմյանը, Լեւս Դավթյանը: Պիեսի հիմքում ամուսնացած զույգի սիրո պատմություն է: Դա լիրիկական կատակերգություն է, կամ ավելի ճիշտ` տրագիկոմեդիա»,-մանրամասնեց Գագիկը, ով, ի դեպ, նկարահավել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում (ռեժիսոր` Մհեր Մկրտչյան):
«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսորը մեզ պատմեց, որ եթե կարողանա ֆինանսական խնդիրը լուծել, այս տարի կսկսի նոր ֆիլմի նկարահանումները. «Արդեն երկու տարի է` սպասում եմ ֆինանսավորման: Սցենարը, որի հեղինակը ես եմ, պատրաստ է: Ֆիլմը հոգեբանական դրամա է: Այն պատմում է հոգեբուժարանում գտնվող մի մարդու մասին, որն ամենեւին էլ նման չէ հոգեկան խնդիրներ ունեցող մեկին եւ ամեն կերպ ցանկանում է դուրս գալ այդտեղից»,-նշեց Գագիկը:
Մենք հետաքրքրվեցինք` ինչու է ֆիլմի ֆինանսավորման հարցը ուշանում. «Գումարի մի մասը պետք է տար Ազգային կինոկենտրոնը, մյուս մասը ես պետք է ճարեի, բայց դժվարանում եմ գումար գտնել. դա, իսկապես, շատ բարդ պրոցես է: Ամեն դեպքում, անպայման իրագործելու եմ նպատակս: Հնարավոր է նույնիսկ, որ մինչեւ այս ֆիլմը նկարահանելը հանդիսատեսի դատին հանձնեմ մեկ ուրիշ կինոնկար, որի սցենարը կգրեմ պատմվածքի հիման վրա, այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող»,-պատասխանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը նաեւ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ունի, որի շուրջ մտածում է:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱԿԱՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնել է ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Նա նշել է, որ ազատման դիմումը ներկայացվել է առողջական խնդիրներով զբաղվելու համար: Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտին եւ հայտնաբերված խախտումներին, Ա. Փիլիպոսյանը նշել է. «Աշխատանքի ընթացքում լինում են ե՛ւ թերություններ, ե՛ւ հաջողություններ: Մենք ամեն տարի մեր կողմից կատարած աշխատանքների հիման վրա հաշվետվություն ենք պատրաստում»:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի պաշտոնավարության նպատակահարմարության հարցը քննարկվել է` հիմք ընդունելով անցկացված աուդիտի ուսումնասիրությունները, համաձայն որոնց` ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել մի շարք ֆինանսական խախտումներ:
ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով շտապ կարգով հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել է Sun թերթը: Բանդերասի ինքնազգացողությունը վատացել է վարժանքի ժամանակ: Նրան տեղափոխել են Սուրեյի կոմսության հիվանդանոց հունվարի 26-ին: Այդ մասին, սակայն, հայտնի է դարձել ավելի ուշ: Բուժզննումից հետո բժիշկները հնարավոր են համարել դերասանին տուն ուղարկելը: Թերթի լրագրողների հետ զրույցի ժամանակ Բանդերասը շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ իր հետ պատահածը համարել է էպիզոդ:
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողների անունները: Associated Press-ը տեղեկացնում է, որ լավագույն դերասան է ճանաչվել Դենզել Վաշինգտոնը, որը մրցանակի է արժանացել «Պատնեշներ» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհու մրցանակն էլ բաժին է հասել «Լա Լա Լենդ» մյուզիքլի գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունին: «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում հաղթել է Մահերշալա Ալին, որը հանդես է եկել «Լուսնի լույսը» ֆիլմում: Կանանց անվանակարգում հաղթող է ճանաչվել Վիոլա Դեւիսը («Պատնեշներ»):
Նշենք, որ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան հիմնվել Է 1933 թվականին: Այն արհմիություն Է, որը պաշտպանում Է կինոյի եւ հեռուստատեսության արտիստների, ինչպես նաեւ այդ ինդուստրիայի այլ ներկայացուցիչների շահերը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում: