Ոտքերով ու քարերով հարվածել են ոստիկաններին, նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:

Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի և նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ: Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնելու ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած և երթևեկության կանոնների խախտմամբ ընթացող «Մերսեդես Բենց» ու «Ֆոլսկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում և հայհոյում էին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա և ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Համաձայն Ծառայության վարույթ ընդունված մյուս քրեական գործի մանրամասների` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել նաև այս տարվա հունվարի 5-ին: Այսպես, նույն օրն իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, «Աֆրոդիտե» ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին:

Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Ծեծկռտուքի հետևանքով հիշյալ ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց;

Իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս