Ո՞ւր է կորել երգահան ԴերՀովան և ինչո՞ւ է նա մեղադրում հայ երգիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, գործիքավորող ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան), ում ստեղծագործություններից, գործիքավորումներից շատերը դարձել են տարբեր տարիների հիթեր (օրինակ` Սիրուշոյի «Քելե, քելեն», որը վերջինս ներկայացրել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին եւ գրավել 4-րդ տեղը, Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում եւ այլն), արդեն շուրջ երկու տարի է` ասպարեզում չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շարունակում է ստեղծագործել, սակայն ոչ նախկին ակտիվությամբ:

ԴերՀովան վերջերս գործիքավորել է «Ախպերս ու ես» երգը, որը կատարում են ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն ու սփյուռքահայ կատարող Գառնիկ Սարգսյանը: ԴերՀովան աշխատել է նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ հայ երգի շուկան փոխել է պահանջները. «Տարիներ առաջ մենք աշխատում էինք լսարանին նոր արտադրանք տալ, եւ վերջինս հաճույքով ընդունում էր այն: Հիմա արդեն երգիչները ձգտում են երգել երգեր, որոնք ստեղծվում են հարսանեկան խնջույքների համար: Իսկ ես շատ հեռու եմ այդ ժանրից: Ես մեղադրում եմ մեր երգիչներին, որ լսարանին մատուցում են նման երգեր եւ երգահաններից էլ նույնն են պահանջում: Մեր ասպարեզի իննսուն տոկոսը արվեստի հետ կապ չունի: Իսկ մնացած տասը տոկոսը սովորաբար վճարունակ չէ, ես էլ փորձում եմ ուժերիս ներածին չափով օգնել այս վերջին խավին»,-մեկնաբանեց նա:

ԴերՀովան խոստովանեց, որ իրեն հաճախ դիմում են երգիչ-երգչուհիներ, որոնց հետ անհետաքրքիր է աշխատելը. «Փառք Աստծո, ֆինանսապես այն վիճակում չեմ, որ ստիպված համաձայնեմ համագործակցել»,-ասաց նա:

Երգահանը հայտնեց, որ Հայաստանում ուզում է ստեղծել իր ֆորմատով նմանը չունեցող խումբ (բաղկացած երգիչներից եւ երաժիշտներից), որը ներկայանալի կլինի նաեւ արտերկրի շուկայի համար. «Արդեն մի քանիսին աչքիս տակ ունեմ, հուսով եմ` այս տարի աչքի կընկնեմ ավելի ակտիվ գործունեությամբ, քան նախորդ տարիներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս