Փետրվարի 10-ին նոր զարգացումներ են սպասվում. ինչ ծրագրեր ունի Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ընթացիկ տարվա հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերաբացել էր քաղաքականության փակած էջը: Ապա սկսվեցին ներքաղաքական անսպասելի զարգացումներ: Մասնավորապես, Գ. Ծառուկյանը հայտարարեց քաղաքական տարբեր ուժերի հետ դաշինք կազմելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Այս ընթացքում պարբերաբար հարց է բարձրացվում` երբ է հրապարակվելու «Ծառուկյան» դաշինքի վերջնական տեսքը, համապատասխան փաստաթուղթը:

Եվ ահա, ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ փետրվարի 10-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Օրակարգի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ համագումարի ընթացքում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի իր լիազորությունները, նրա փոխարեն կրկին կուսակցությունը կառաջնորդի Գագիկ Ծառուկյանը:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նույն օրը կստորագրվի «Ծառուկյան» դաշինք ձևավորելու մասին փաստաթուղթը, որով էլ կմասնակցեն ընտրություններին:

Հիշեցնենք` այս պահի դրությամբ դաշինքի պոտենցիալ անդամներն են «Բարգավաճ Հայաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», կուսակցությունները և «Միասնություն» շարժումը», ինչպես նաև մի շարք այլ անհատ քաղաքական գործիչներ:

Թե մինչ նշված օրը ինչ վերադասավորումներ տեղի կունենան, ցույց կտա ժամանակը:




Լրահոս