ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել էր, որ Օհանյան-Օսկանյան դաշինքի հապաղման և իրենց գործողությունները ժողովրդից գաղտնի պահելու երևույթի շարունակման դեպքում իրենք կարող են դուրս գալ միությունից: Նա դաշինքում տիրող իրավիճակն անհասկանալի դանդաղ է համարել:
«Դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունն ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը», – հայտարարել է նա, հավելելով. որ դաշինքում տեղերի գզվռտոց է գնում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից:
«Պարոն Հայրիկյանն իր տեսակետն է հայտնել: Ես ավելացնելու ոչինչ չունեմ, պարզապես կարող եմ ասել, որ համաձայն չեմ հնչեցրած մտքի հետ, որ մեր դաշինքում խնդիրներ կան, որովհետև հիմա մենք քննարկում ենք մեր ծրագրային դրույթները: Ցուցակների հարցը մեզ համար երկրորդական է, մենք դեռ չենք էլ անդրադարձել ցուցակներն: Մենք սպասում ենք, որ դաշինքն ամբողջական տեսք ունենա, ձևավորվելուց հետո կանցնենք տեխնիկական մյուս հարցերին»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համագործակցության մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Համախմբում» կուսակցության, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Երրորդ հանրապետություն» կուսակցության, ՀԴԿ-ի և ԱԻՄ-ի միջև: Սակայն, ինչպես ցույց է տալիս ընթացքը, դաշինքը դեռ վերջնական չձևավորված, արդեն խնդիրների առջև է կանգնել: Ընդգծենք, որ դաշինքում խնդիրների առկայության մասին առաջինը բարձրաձայնել էր «Համախմբում» կուսակցության, անդամ Կարեն Անդրեասյանը, ով դեմ էր, որ այն գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: