Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։