Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ. ԼՂՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսը նրան հանձնել է Ադրբեջանին:

Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:

Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար:

Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նվիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»:

 




Լրահոս