ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը:
Ա.Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»: