Հայաստանի պարտություններն արտաքին աշխարհում. ո՞րն է ելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը արտաքին իմիջի փոփոխության լրջագույն խնդիր ունի: Մեզ չեն հասկանում ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ անգամ մեր ռազմավարական ու տնտեսական գործընկեր Ռուսաստանի դաշնությունում: Ու այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն բացառապես գործող իշխանությունն է:

Եվրոպայում մեզ համարում են Ռուսաստանի կցորդը եւ չեն վստահում: Ու չնայած Հայաստանի գործող իշխանության ջանքերին, թե մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների կրող ենք, չի հաջողվում ձեւավորել այդ իմիջը, քանի որ կոռուպցիան ու քրեական էլեմենտրենրը իշխող բուրգում ավելի գերիշխող են, քան մարդու իրավունքները:

ԱՄՆ-ն՝ իր դեսպանի շուրթերով անգամ մի քանի անգամ հասկացրեց մեզ, որ կոռուպցիան խանգարում է Հայաստանի զարգացմանը: Պատասխանը ոչ թե եղավ սթափությունը, այլ՝ այն, որ դեսպանը միջամտում է մեր գործերին:

Դե իսկ Ռուսաստանի պարագայում այնքան վախվորած են հարաբերությունները, այնքան ոչ հարմարավետ, որ պահանջատիրական որեւէ բարձրաձայնում չի ընդունվում: Հարաբերությունները թեւակոխել են բացառապես խնդրողի տիրույթ: Իսկ խնդրանքներից ոչ բոլորը կարող են բավարարվել:

Թերեւս սա էր պատճառը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ թե գնացինք կապիտուլացիայի, այլ 800 հա տարածքը կորցրեցինք՝ այն համարելով ամայի տարածք:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան տրվեց: Սերժ Սարգսյանը այս դեպքից հետո ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին առաջարկեց իր հետ առանձնանալ՝ հատուկ հանձնարարություն տալու, բայց այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչ է արել ՀՀ ԱԱԾ-ն այդ խայտառակության համար: Իհարկե, ոչինչ էլ չարվեց, ու հետեւանքը եղավ նախօերին, երբ Արցախի ապրանքների վաճառքը Ուկրաինայում արգելվեց, իսկ երեկ էլ Բելառուսը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Բաքվին միայն այն բանի համար, որ նա եղել էր Ղարաբաղում եւ դրական էր արտահայտվել Արցախի մասին:

Մինչդեռ Հայաստանը, ունենալով աշխարհասփյուռ հայություն, այդքան մեծ հնարավորություններ՝ հայ համայնքների միջոցով լոբբիստական աշխատանք տանելու յուրաքանչյուր երկրում, դառնալու լուրջ դերակատար: Բայց փոխանակ այդ աշխատանքներն իրականացնի, տարիներ շարունակ սփյուռքը մեր երկրում համարվել է փողաբեր կառույց եւ վերջ: Փորձ է արվել լռեցնել, պառակտել ընդդիմադիր հայացք ունեցող յուրաքանչյուր անհատի ու խմբի:
Իսկ ինչո՞ւ են արվել վերը թվարկվածները: Բացառապես մեկ նպատակով՝ իշխանության պահպանման ու երկարաձգման: Չկա այլ տեսլական գործող իշխանության համար, չկա այլ մոտիվացիա: Եւ այս իրավիճակում Հայաստանը մի ելք ունի՝ իշխանափոխություն: Քանի նույն իշխանությունն է, ոչինչ չի փոխվելու ոչ երկրի ներսում, ոչ էլ՝ արտաքին աշխարի վերաբերմունքը մեր նկատմամբ կփոխվի: Միայն նոր իշխանությունը կկարողանա զերոյից, նոր տողից սկսել բոլոր գործընթացները:

Թամարա Միքայելյան




Լրահոս