Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ա. Լապշինի արտահանձումը Բելառուսից Բաքվին լուրջ խմորումներ է հասունացնում: Այս առիթով ArmLur.am-ը բլից զրույց ունեցավ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
– Այս պահին ՀՀ Ազգային ժողովում ակտիվորեն քննարկում են ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի Ա. Լապշինին արտահանձնելու հարցը՝ փորձում ելքեր գտնել: Ձեր կարծիքով ի՞նչ է պետք անել արդեն այսօր, երբ բլոգերը Բաքվի մեկուսարանում է:
– Բլոգերի մասով արդեն շատ ուշ է: Իսրայելը, որ Հայաստանից մի քանի անգամ ավելի ինքնասեր պետություն է՝ ինքն արդեն կանի մի բան, կամ էլ արդեն նախօրոք պայմանավորվել է, որ կանի, այն բանից հետո, երբ Հայաստանը միջազգային մակարդակում նվաստացվեց և Հայաստանի շահերին վնաս հասցվեց: Ի՞նչ կարող է անել ԱԺ-ն: Դա ընդհանրապես ԱԺ-ի զբաղվելիք գործը չէ: Նորմալ երկրներում կամ երկրի գործադիրն է դրանով զբաղվում, կամ էլ՝ ԱԳՆ-ն: Երկու պարագայում էլ Հայաստանում լռություն է, եթե չհաշվենք ինֆորմացիոն անվտանգության բլոգերի կողմից արված թվիթի ռեթվիթը՝ ԱԳ խոսնակի կողմից: Անելիք կա: Դա Հայաստանի խստագույն բողոք հայտարարելն ու ինչ-որ համապատասխան քայլեր կատարելն է: Թե որոնք են դրանք՝ բոլորին լավ հայտնի են, կամ հեշտորեն կարելի է կռահել: Բայց, իհարկե չեն արվի: Բացի Հունգարիայի դեպքից, որն իհարկե, ո՛չ դաշնակից էր Հայաստանին, ո՛չ էլ մեծ կապեր կային, ե՞րբ է արդյոք Հայաստանն իրեն որպես պետություն արժանապատվորեն դրսևորել:
– Այս իրավիճակի հետեւանքները ինչպե՞ս պետք է հարթենք, եթե իհարկե, հնարավոր է ինչ-որ բան փոխել:
– Ինչպես ասում են՝ ճաշից հետո՝ մանանեխ: Ճաշը կերել ենք, հիմա մանանեխը հաստատ կծու է լինելու: Հետևանքներն այն կլինեն, որ այլևս Արցախ այցելություններն անվտանգ չեն համարվի օտարերկրացիների կողմից: Հարթել չի լինի, որովհետև անդառնալի վնաս է հասցվել Հայաստանին՝ իր Արցախ փաստացի մարզով հանդերձ: Իմիջային և բարոյական վնաս:
Նաև՝ պարզ է, որ Հայաստանի դաշնակիցը Հայաստանի մաս Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և վավերական է համարում սև ցուցակներ ունենալու հիմքը՝ այսինքն վավերական է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի թշնամին Արցախն իրենն է հռչակել: Դա արդեն խիստ մտահոգիչ հանգամանք է, որը, նույնպես, կանտեսվի, կանցնի: Այն ինչ չեն անտեսվի՝ հետևանքներն են: Եվ դրանք Հայաստանը շատ ցավալիորեն դեռևս զգալու է իր մաշկի վրա:
Արփինե Թովմասյան