Կրեմլում պատմել են Լապշինի արտահանձնումից հետո Ռուսաստանի գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կողմը շարունակում է անհրաժեշտ միջոցներ կիրառել Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Նա մի քանի քաղաքացիություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերը իրավական կարգով»,-ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ խոսքը գործին ներգրավված կողմերի միջև բանակցությունների մասին չէ: «Սակայն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ուղղված նրա շահերի պաշտպանմանը, իրականացվում են»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը արտահանձնման որոշման կապակցությամբ խորը հիասթափություն էր հայտնել:

Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարին որոշում էր կայացրել Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու մասին: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Արտահանձնման ժամանակ Լապշինը եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները: Այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:




Լրահոս