Գյումրու բնակչուհին ընդդեմ ոստիկանների հաղորդում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա:

Վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է տվել, որ 23.11.2016թ.-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իր բնակարանը խուզարկելուց հետո, որդու կողմից գողություն կատարելու կասկածով իրեն ուղեկցել են ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահել 14 ժամ:

Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալ Ա. Ղ.-ն, գողության մեջ մեղադրվող որդուն արգելանքից ազատելու պայմանով, պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը:

Այնուհետև` ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ, Ա. Ղ.-ն իր բջջային հեռախոսի միջոցով Ա. Գ.-ին ցույց է տվել անծանոթ տղամարդու նկար և վերջինիս պարտադրել լրացուցիչ սուտ ցուցմունք տալ այն մասին, թե, իբր, ճանաչել է նկարում պատկերված անձին, ով գողացված ապրանքներ է բերել իր բնակարան: Ա. Գ.-ն վստահեցրել է, որ իրականությանը չհամապատասխանող այդ ցուցմունքները ևս հայտնել է որդուն կալանքից ազատելու խոստումների դիմաց:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց` ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս