Արդեն մի քանի օր է` ամենամյա «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնը սկսել է հայտերի ընդունման գործընթացը: Մրցութային բնույթի փառատոնը, որը կիրականացվի մայիս-հունիսին, ընդլայնել է իր շրջանակները եւ այսուհետ կներառի նաեւ գրականության ոլորտը, մասնավորապես դրամատուրգիա եւ սցենար։ «Ժողովուրդ»-ը սպասվելիք նորարարությունների, փառատոնի նպատակների եւ կարիքների մասին զրուցել է «Արտ Ֆեստ»-ի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, բացի այն, որ «Արտ Ֆեստ»-ն ընդլայնել է իր շրջանակները, այս տարի է՞լ ինչ նորարարություններ են սպասվում:
-Նախորդ տարիներին փառատոնը բաց ձեւաչափով էր անցկացվում, այսինքն` բոլոր ցանկացողներին տրվում էր մասնակցության հնարավորություն: Իսկ արդեն այս տարի նրանք կանցնեն ընտրական փուլ օնլայն տիրույթում: Մասնակիցները կուղարկեն, օրինակ, ներկայացման տեսագրություն, կտավի լուսանկար եւ այլն, որպեսզի մի փոքր սելեկցիա արվի, ընտրվեն լավագույն աշխատանքները: Այլապես նախորդ տարիներին, օրինակ, ունեցել ենք ներկայացումներ, որոնք, իսկապես, բանի պետք չէին:
-Նշվում է, որ փառատոնը մասնակիցներից լավագույններին միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն է ընձեռում: Հետաքրքիր է` ինչպե՞ս:
-Ձեր հարցին կպատասխանեմ` ելնելով նախորդ տարիների փորձից: Մեր երիտասարդները, մասնակցելով «Արտ Ֆեստ»-ին եւ աչքի ընկնելով, հրավերներ էին ստանում արտերկրի մի շարք փառատոներից: Մեր փառատոնի միջազգային բաժնի պատասխանատուներն իրենց հերթին կապի մեջ էին միջազգային կառույցների հետ, մեր լավագույն կադրերին առաջարկում էին մասնակցել արտերկրի փառատոներին եւ այլն: Նույն առաջարկով հանդես էին գալիս նաեւ արտերկրից ժամանած մեր հյուրերը:
-Այս տարի հայտերի թվի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Կարծում եմ` հայտերի թիվը կգերազանցի 400-ը: Ակնկալում ենք, որ ինչպես նախորդ տարի (այն ժամանակ հայտեր էինք ստացել, օրինակ` Չեխիայից, ՌԴ-ից, Շվեդիայից), այս տարի եւս արտերկրից կստանանք մեծ թվով հայտեր:
-Փառատոնի հանձնաժողովի կազմն արդեն հստակեցվե՞լ է:
-Դեռ ոչ, բայց կան անդամներ, որոնց ներկայությունը հաստատված է` Երվանդ Երզնկյան, Լալա Մնացականյան, Արամ Նիկոլյան:
-Հաճախ նմանատիպ փառատոների հաղթողներին տրվում են արձանիկներ, եւ այդքանով մրցույթն ավարտվում է: «Արտ Ֆեստ»-ի պարագայում լավագույններին ի՞նչ մրցանակներ են սպասվում, նրանց ինչո՞վ եք շահագրգռում:
-Նախորդ տարի, օրինակ, Երիտասարդ ստեղծագործողների միությունը անակնկալ մատուցեց կինոոլորտի հաղթողներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն, արդյունքում ստեղծվեցին պայմաններ` նոր ֆիլմ նկարահանելու համար: Իսկ կերպարվեստի ոլորտի մրցանակակիրների համար, օրինակ, կազմակերպեցինք ցուցահանդես Նկարիչների միությունում:
-Փառատոնի բյուջեն որքա՞ն է կազմում, արդյո՞ք այն բավականացնում է` լուրջ ծրագրեր իրականացնելու համար:
-Ընդհանուր առմամբ, մեր բյուջեն շատ սուղ է (փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ), ուստի փորձում ենք ներգրավել նաեւ մասնավոր սեկտորին կամ աշխատել բարտերային հիմունքներով. օրինակ` եթե մեր ընկերները կարող են մեզ դահլիճ տրամադրել, դա արվում է անվճար: Բայց, այնուամենայնիվ, մասնավոր ներդրողների անհրաժեշտություն կա, միայն պետական հովանավորչությունը քիչ է:
-Իսկ մարզերից մասնակցո՞ւմ են փառատոնի ծրագրերին:
-Այո, ակտիվ ներգրավվածություն ենք ունեցել Լոռուց, Շիրակից, Գեղարքունիքից, Կոտայքից, Արմավիրից: Շատ դեպքերում մերոնք են գնացել մարզեր, դիտել են, օրինակ, ներկայացում, կազմակերպել են մասնագիտական քննարկումներ եւ այլն:
Աննա Բաբաջանյան