Շրջանառության հարկ վճարողները պետք է մինչև փետրվարի 20-ը ընտրեն հարկման դաշտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շրջանառության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ սուբյեկտները եւ շրջանառության հարկ վճարողներն (ՀՀ-ում ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները) իրենց ընտրած հարկման դաշտի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 20-ը, հաշվառման վայրի հարկային մարմին պետք է հայտարարություն ներկայացնեն:

ՊԵԿ-ից այսօր տեղեկացրել են, որ նոր ստեղծված ընտանեկան ձեռնարկատերերն ու շրջանառության հարկ վճարողներն, ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանի, հայտարարությունը ներկայացնում են պետական գրանցումից հետո 20-օրյա ժամկետում:

Ընդ որում, ընտանեկան բիզնեսով զբաղվողները, հայտարարությունից բացի, պետք է ներկայացնեն նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու եւ շրջանառության հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողներն ինքնաբերաբար տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ, իսկ հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով»,-նշել է Արման Պողոսյանը:

Հարկման դաշտի ընտրողականության համակարգը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: «Ընթացակարգը շատ պարզ է եւ գործնականում հեշտ կիրառելի. նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ, ի տարբերություն մինչ այդ կիրառվող ընթացակարգերի, հարկ վճարողները նախընտրելի հարկային համակարգն ընտրելիս գրեթե սխալներ չեն կատարում:

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահի հանձնարարականով, տարեսկզբից հարկային տեսչություններում իրազեկման միջոցառումներ են մեկնարկել»: 2016 թվականի տվյալներով գործում է 50 500 շրջանառության հարկ վճարող եւ շուրջ 1350 ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արման Պողոսյանի խոսքով՝ նրանց հիմնական մասն արդեն իսկ ընտրել է հարկման դաշտը. հայտարարությունն, ընդ որում, ներկայացվում է թղթային եւ էլեկտրոնային եղանակով:




Լրահոս