Տեսախցիկների տեղադրման գործընթացը՝ «Յուքոմ»-ի ձեռքում. ինչպես են ընրվելու ընտրատեղամասերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը թույլտվություն տրվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնել: Ինչպես հայտնի է` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ընտրատեղամասերում ապրիլի 2-ին կապահովվեն ուղիղ հեռարձակում և տեսանկարահանում։ Այս հարցով ստեղծված ընդդիմադիրների եւ իշխանության ներկայացուցիչների հանձնաժողովը որոշել էր՝ բավարարվելով եղած ֆինանսական միջոցներով՝ նկարահանում ապահովել ոչ թե բոլոր 2000, այլ առնվազն 1500 ընտրատեղամասերում, այսինքն՝ 500 ընտրատեղամասեր կմնան առանց տեսանկարահանման:

Ընտրությունների տեսանկարահանման գործընթացի մասնակի իրագործումը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կորուստ չի համարում։ Նրա խոսքով՝ թեեւ որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, սակայն դա, ըստ էության, չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը։ «Մխիթարանքն այն է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը։ Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», – նշել է նա։

Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, սակայն հակառակ տեսակետն ունի: «Ըստ ամենայնի, դուրս են մնալու փոքր տեղամասերը: Մենք կուզեինք, որ ծածկվեին հենց հեռավոր փոքր տեղամասերը, իսկ բաց մնային մեծերը, քանի որ դրանք մենք հաստատ կկարողանանք ծածկել դիտորդներով», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:

Ուշագրավն այն է, որ իրականում «Յուքոմ»-ը եւ մրցույթը հաղթած ընկերությունն են որոշելու, թե որոնք կլինեն այն ընտրատեղամասերը, որտեղ տեսախցիկներ չեն տեղադրվի, իսկ դա էլ կախված կլինի այն հանգամանքից, թե որ ընտրատեղամասերում ընկերությունը կարող է արագ կապ ապահովել: Ընդգծենք, որ հենց հայ-կանադական «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունն է որոշել համագործակցել «Յուքոմ»-ի հետ եւ ընտրություններում ինտերնետ-կապի ապահովումը վստահել վերջինիս:

Հատկանշական է, որ ավանդաբար ընտրակեղծիքներ տեղի են ունենում հենց այն ընտրատեղամասերում, որոնք դուրս են գտնվում վերահսկողությունից: Իսկ նման վտանգի տակ մշտապես հեռավոր գյուղերում գտնվող փոքր ընտրատեղամասերն են: Առկա մտահոգությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, ինչպե՞ս են ընտրվելու այն տեղամասերը, որտեղ տեսախցիկներ չեն տեղադրվելու:

-Դա որոշելու է ընկերությունը համապատասխան հանձնաժողովի հետ միասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր գրություն 1500 տեղամասերում նկարահանումների իրականացման մասին: Իսկ թե կազմավորված ընտրատեղամասերից որ մեկում կլինեն տեսախցիկները, ԿԸՀ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի:

-Գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակը ցածր է: Տեսախցիկների տեղադրումը կոչված էր հենց վստահության բարձրացմանը, մինչդեռ հիմա շուրջ 500 ընտրատարածք բաց թողնելով՝ արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ կեղծիքներ չեն լինի, եւ հանրային անվստահությունն այդ պատճառով չի խորանա:

-Ո՛չ, որովհետեւ նախ պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն էլ նախկինում հնարավորություն ունեին կատարել տեսաձայնագրումներ: Տեղամասերում գտնվող մարդիկ նույն ձեւով կարող են իրականացնել տեսանկարահանում, կամ ֆոտոնկարահանում: Միայն նրանից, որ ընտրատեղամասերի մի հատվածում է տեղադրվել, մնացյալում որեւէ խոչընդոտ չի կարող լինել այն մարդու նկատմամբ, ով ցանկանում է տեսանկարահանումներ անել:

-Պարո՛ն Մուկուչյան, ինչպե՞ս պետք է անել, որ բաց մնացած տեղամասերում ընտրությունը վստահություն ներշնչի:

-Կարծում եմ՝ ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր կանոնակարգումները, որոնք արվել են՝ ի լրումն նախկինում արված կանոնակարգումների, հենց հիմքում ունեցել են այդ խնդիրները՝ ապահովել թափանցիկություն, որը հիմնական գործընթացն է վստահության բարձրացման համար:

-Չեք կարծում, որ ամեն դեպքում ինտերնետ կապի հետ կապված խնդիրներ կլինեն հեռավոր գյուղերում, փոքր ընտրատարածքներում, որտեղ էլ մեծամասամբ կատարվում են խախտումները:

-Մենք նշված քննարկումներին չենք մասնակցել եւ, բնականաբար, չենք կարող ասել, թե որ ընտրատեղամասերը նկատի ունեն, որտեղ են տեղադրվելու տեսախցիկները եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դիտարկմանը, նշեմ, որ այսօր ես տեղյակ չեմ՝ որոշված է արդյոք, թե որտեղ պետք է լինի: Բայց եթե մյուս ընտրատեղամասերում նույնպես թույլատրված է կատարել տեսանկարահանում, հետեւաբար ես կարծում եմ՝ այդ հարցադրումները որեւէ հիմնավորում չունեն:

-Ձեզ համար՝ որպես ԿԸՀ նախագահ, կարեւո՞ր չէր, որ տեսախցիկներ տեղադրվեին բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լիներ, եւ, ի վերջո, Ձեզ չմեղադրեին կեղծիքների կամ թվանկարչության մեջ:

-Խնդիրը հետեւյալն է. կան ընտրական օրենսգրքի կանոնակարգումներ, որոնց համաձայն էլ իրականացվել է այդ գործընթացը, կազմակերպվել է մրցույթը, իրականացվել են բանակցություններ, եւ նշված հանձնաժողովը, որի անդամ են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, եկել է այն եզրակացության, որ հենց այդքան թվով ընտրատեղամասերում պետք է տեղադրվեն տեսանկարահանող սարքեր:

Հավելենք, որ տեսախցիկների տեղադրման մրցույթին մասնակցել էր միայն մեկ ընկերություն՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»-ը: Հայ-կանադական այս ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն տրամադրում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Ընդգծենք, որ ծրագիրը մոտ էր տապալվելուն, սակայն գրեթե վերջին պահին Եվրամիությունը ավելացրեց հատկացված գումարը այն հասցնելով 2 միլիոն եվրոյի: Մինչ այդ ԵՄ-ն հատկացրել էր 1 մլն 600 հազար եվրո:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս