The Miami Herald պարբերականը մասնակիորեն հրապարակել է Հալիդ Շեյխ Մոհամեդի նամակը, ում ԱՄՆ-ում համարում են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տվյալ նամակն ուղղված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:
Հրապարակված տվյալների համաձայն՝ նամակը գրվել է 2015թ. հունվարին, սակայն Գուանտանամոյի բանտի աշխատակիցները, որտեղ բանտարկված է եղել Մոհամեդը, հրաժարվել է այն փոխանցել երկրի ղեկավարին: Դատական իշխանություններին ահաբեկչի փաստաբանի դիմումից հետո նամակն այնուամենայնիվ հայտնվել է Օբամայի սեղանին:
18-էջանոց նամակում Մոհամեդը հաստատում է. «Այդ մենք չենք ձեր դեմ պատերազմ սկսել 9/11-ի օրը»: Նրա կարծիքով՝ դա արել են երկրի բռնապետերը: Դիմելով Օբամային՝ որպես «օձի գլխի» և «բռնապետության և ճնշման» նախագահի, նա ընդգծել է, որ «իրենց ձեռքերի վրա դեռևս մնացել են Գազայում սպանված իրենց եղբայրների, քույրերի և երեխաների արյունը»: