
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ռուս դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի պահանջով Մինսկից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
«Մենք այդ հարցով նոտա ենք ստացել ռուսական և իսրայելական դեսպանատներից: Բառացիորեն վաղը-վաղը չէ մյուս օրը Ռուսաստանի հյուպատոսը կհանդիպի Լապշինի հետ՝ Վիեննայի կոնվենցիային համապատասխան: Դեսպանատունը հնարավորություն կունենա հանդիպել նրա հետ: Մենք մոտ ժամանակներս կորոշենք տեխնիկական հարցերը»,-ասել է Մամեդյարովը:
Մամեդյարովի խոսքով՝ Լապշինի հանդեպ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել, և վերջնական որոշումը կկայացնի դատարանը:
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում ՌԴ դեսպանատունը Լապշինի հետ հանդիպում էր խնդրել: