ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդ գիտնականները կենցաղային հեղուկի հիմքով մարտկոցներ են ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում առաջինը գործունեության իրավունք ստացած «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերությունը (TSD) 2014-ին Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում կառուցեց բարձր տեխնոլոգիական արտադրամաս, որն այսօր արդեն ունի 100-ից ավելի աշխատակից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հայկական առաջին սմարթֆոնների արտադրամաս` ծանոթանալու աշխատանքային պայմաններին և ընկերության ընթացիկ նախագծերին:

«TSD» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը ցուցադրեց իրենց արտադրանքը. հեռախոս, պլանշետ, անգամ խելացի ժամացույց:

Նախարարին ներկայացվեց նաև բուն արտադրամասը, որտեղ հավաքվում են հեռախոսները, անցնում որակի վերահսկողություն, վերջին անգամ մանրակրկիտ զննվում և ապա փաթեթավորվում ու պահեստավորվում:

Նույն տարածքում է նաև ընկերության «R&D» կենտրոնը, որտեղ երիտասարդ գիտնականներն իրականացնում են հետազոտություններ և ստեղծում նախատիպեր:

Ներկայացվեցին նաև «TSD»-ի ընթացիկ նախագծերը: Դրանց թիվը հասնում է 25-ի. առաջին հայկական ինտերակտիվ նապաստակն, օրինակ, բոլորովին վերջերս է ստեղծվել և զարգացման փուլում է: Իսկ 360 աստիճան կինոթատրոնն արդեն փորձարկվել և դրական արձագանքների արժանացել: Դրանով ցուցադրվում են «TSD» ընկերության կողմից պատրաստված կրթական ֆիլմերը, որը ավելի արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը:

«TSD»-ի հետազոտությունների ֆիզիկայի թիմի անդամ Հերմինե Ղարագուլյանը նախարարին պատմեց իրենց «SLB» նախագծի մասին: Երիտասարդ գիտնականները ստեղծել են կենցաղային հեղուկների հիմքի վրա աշխատող մարտկոցներ, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլև աշխատում են շատ բարձր ու ցածր ջերմաստիճանային պայմաններում:

Հանդիպման ավարտին ցուցադրվեց ընկերության գործունեությունն ամբողջացնող ֆիլմ, որից հետո Վահան Մարտիրոսյանը գրառում կատարեց «TSD»-ի հուշագրքում:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս