ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել` տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով:
Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ArmLur.am-ին Ագարակավանում և հարակից մյուս համայնքներում շրջանառվող լուրեր հասան, որ հավանական ինքնասպանության դրդապատճառների մասին որոշ հանգամանքներ են հայտնի դարձան: Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինքնասպանություն գործած կնոջ ամուսնու հարազատներից ոչ մեկը ներկա չի գտնվել դիակ վերցնելու գործընթացին: Ոչ ոք դիակը կախված չի տեսել:
Ըստ նույն չհաստատված լուրերի՝ կնոջ հորեղբոր որդին նկատել է, որ հանգուցյալի մարմնի վրա կապտուկներ են առկա եղել, իսկ թևը կոտրված է եղել:
Ըստ լուրերի՝ դեպքից երկու օր առաջ՝ Ա.-ն զանգահարել է իր ծնողներին և կանչել ամուսնու տուն՝ ասելով, որ խնդիրներ կան: Մայրը պատասխանել է` երկու օրից նոր կկարողանան գնալ, և մինչ նրանց գնալը, դուստրն արդեն մահացած է եղել:
Ագարակավանում պտտվող լուրերի համաձայն՝ ընտանիքում տան անդամները հաշտ չեն եղել: Հարսի նկատմամբ հաճախ են ճնշումներ գործադրել, անգամ բռնություն: Իսկ ընտանեկան բռնություն գործադրել է ոչ միայն ամուսինը, այլև, ըստ նույն տեղեկությունների, այլ հարազատներ ևս:
ArmLur.am-ը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կապ հաստատել հանգուցյալի ամուսնու հետ, սակայն նրա համագյուղացիները մեզ հայտնեցին, որ ընտանիքի անդամների հեռախոսները իրավապահներն առգրավվել են` վերծանում իրականացնելու նպատակով: Ավելին, պարզեցինք` բոլորը հարցաքննության են տարվել: ArmLur.am-ին այլ տեղեկություններ ևս հասան, սակայն հաշվի առնելով տեղի ունեցած ողբերգությունը` զերծ ենք մնում այլ մանրամասներ ներկայացնելուց:
Հիշեցնենք, որ 27-ամյա կինը երեք անչափահաս երեխաների մայր էր: Իսկ թե ինչն է իրականում եղել այս ընտանեկան ողբերգության իրական պատճառը, ցույց կտան քննության արդյունքները: Մնում է սպասել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որով պարզ կդառնա` արդյոք կինն իսկապես ինքնասպան է եղել:
Այստեղ հարկ են համարում հիշեցնել նաև, որ նախնական տեղեկություններով` դեպքից առաջ կինը զանգահարել է ամուսնուն և ասել, որ սիրում է նրան, սակայն նրանք այլևս չեն հանդիպի: